168.am-ը գրում է.

Դեռևս դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր պետական կառավարման համակարգից՝ ասելով, թե տնտեսական բոլոր ցուցանիշները, հաջողություններն արվել են՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի և ի հեճուկս նախարարությունների։ Նրա խոսքով՝ այսօր նորմալ աշխատելու ունակություն ունեցող պետական կառավարման համակարգ ուղղակի գոյություն չունի, և ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը:

«Ունենք մեծ նախարարություններ՝ շատ պարապ մարդկանցով, որոնց միակ կարիքը հետևյալն է՝ ժամը երբ է լրանում, որ գնան տուն: Պետական համակարգին այսօր բրթում ենք, որ գնան խնդիրը լուծեն։ Չնեղանաք, բայց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրկին տեղի է ունենում՝ ի հեճուկս պետական կառավարման համակարգի, որովհետև ամբողջ իրավապահ համակարգին պետք է որոշ ժամանակ անց ասես՝ իսկ ի՞նչ եղավ։ Ու պատճառ միշտ էլ կա, այն օրը ես ասացի՝ իսկ ինչո՞ւ նրանք սպանեցին արքայազն Համլետին։ Որ ուրիշ պատճառ չլինի, այս պատճառը միշտ կա՝ փորձաքննություն է, այն մեկը փախավ, այն մեկն ուզում է փախչի, մյուսը ցուցմունք չի տալիս։ Եկեք արձանագրենք, որ ամբողջ պետական համակարգը, այո, հեղափոխությանը դիմադրում է։ Եվ այդ դիմադրությունը ես ջարդելու եմ, չկա ուրիշ տարբերակ, որովհետև ՀՀ ժողովուրդն անձամբ ինձ ու իմ քաղաքական թիմին ձայն է տվել, որ այս երկրում փոփոխություն տեղի ունենա, ոչ թե տարբեր առիթներով անընդհատ պտտվենք ու պտտվենք։ Հերիք է այս կեղծիքի մեջ մենք անընդհատ ապրենք։ Վարչապետի կաբինետում, գիտե՞ք՝ ինչ խոսակցություններ են տեղի ունեցել, ասում են՝ այդ «ատկատները» որ փակում եք, դրա արդյունքում մենք այս տարի տնտեսական կոլապս ենք ունենալու, որովհետև կապիտալ ծախսերն ավելի լավ է գնան ինչ-որ տեղ, որ փողը պտտվի, որ գոնե մի արդյունք ունենանք»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունն ամենևին էլ պատահական չէր: Նա հասկացել է, որ իր կառավարությունը գրեթե բոլոր ոլորտներում ձախողում է, և փորձում է այժմ մեղավորներ է փնտրել իր թիմում, և պատասխանատվությունն իր վրայից գցելու համար նա մտադիր է մինչև մարտ ամիս կոալիցիոն կառավարություն կազմելու առաջարկ անել ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին»:

Նա հավաքել է իր թիմակիցներին և դժգոհել է, թե այսպես այլևս անհնար է աշխատել, նաև խոստովանել է, թե սխալ էր Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը ԿԳՆ-ին միացնելը, քանի որ այդ ոլորտում լրիվ բարձիթողի վիճակ է, և նախարար Արայիկ Հարությունյանը չի կարողանում կառավարել նախարարության աշխատանքները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի թիմակիցները սկսել են ներսում դժգոհել Նիկոլ Փաշինյանից՝ ասելով, թե նա փորձում է իր թերացումները բարդել իրենց վրա՝ իրենց դարձնելով քավության նոխազ:

Մեր տեղեկություններով՝ Ամանորից առաջ Արայիկ Հարությունյանը հրավիրել էր մշակույթի ոլորտի պատասխանատուներին ու հայտարարել էր, թե ոմանք պետք է հրաժարական ներկայացնեն, քանի որ չեն կարողանում լուծել ոլորտի խնդիրները՝ կրկին իր ձախողումների համար մեղադրելով ապարատի աշխատակիցներին ու ոչ թե իրեն:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մտածում է հետքայլ անել և կրկին առանձնացնել Մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը և, կոալիցիոն կառավարություն կազմելու իր առաջարկն ընդունելու դեպքում նախարար նշանակել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Վերջինիս և ԲՀԿ-ի համաձայնության դեպքում, ըստ նույն աղբյուրի, հնարավոր է՝ նաև նախարարությունն առայժմ չառանձնացնել և Ն. Զոհրաբյանին նշանակել ԿԳՄՍ նախարար:

Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանից՝ այս անգամ Ամուլսարի հարցն իր վրայից գցելով նրա վրա: Փաշինյանը դժգոհել է նաև Էկոնոմիկայի և Արդարադատության նախարարներից՝ վերջինիս մեղադրելով նրանում, որ չի կարողանում դատարաններին «բուռը հավաքել»:

Իր թիմակիցներն էլ ներսում դժգոհում են, թե Փաշինյանի հետ աշխատելն անհնար է, և մտահոգություն են հայտնել նույնիսկ, որ որևէ կառավարություն երբևէ այսքան մեծ թվով փակ, չզեկուցվող հարցեր օրակարգում չի ընդգրկել, որքան Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, ինչը պատասխանատվության մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում: Նույնիսկ հիշատակում են Կարեն Կարապետյանի կառավարությունը, որը 4-5 չզեկուցվող հարց է ընդամենն ընդգրկել օրակարգ, ոչ թե մի քանի տասնյակի հասնող:

Նիկոլ Փաշինյանը, ըստ մեր աղբյուրների, այլևս գիտակցում է, որ հնարավոր չէ կառավարության ձախողումները բարդել նախկինների վրա, ուստի սկսել է մեղավորներ փնտրել իր թիմի ներսում՝ չհասկանալով, որ խնդիրն իրականում իր գործելաոճի մեջ է, ոչ թե այս կամ այն նախարարի: Հետևաբար՝ այս անգամ նա որոշել է պատասխանատվությունն իր վրայից գցելու համար կոալիցիոն առաջարկ անել ԲՀԿ-ին ու «Լուսավոր Հայաստանին», սակայն հայտնի չէ՝ կընդունե՞ն արդյոք Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանն այդ առաջարկը, թե՞ ոչ, քանի որ նրանք էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը, ով համարում էր, որ ինքն ամենակարողն է, և իրեն որևէ մեկի աջակցությունը պետք չէ, հենց այնպես չի ցանկանա իր կառավարությունը կիսել այլ ուժերի հետ:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք նման առաջարկ լինելու դեպքում ԲՀԿ-ն կհամաձայնի՞ կոալիցիա կազմել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Ի պատասխան՝ նա ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի, ուստի առայժմ չի կարող որևէ բան մեկնաբանել. «Ես տեղեկություն չունեմ այս առումով.  ոչ մի բան չեմ կարող առայժմ մեկնաբանել: Չկա տեղեկություն»:

Մեզ հետ զրույցում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նույնպես ասաց, որ նման տեղեկություններ չունեն: Իսկ հարցին՝ եթե նման առաջարկ լինի՝ կհամաձայնե՞ք, նա պատասխանեց. «Չկա նման տեղեկություն, չի կարող նման բան լինել»:

Սակայն, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը, ով, ինչպես արդեն նշեցինք՝ դժգոհ է նաև Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից, մտադիր է նախարարի պորտֆելն առաջարկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին:

Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին առաջարկել իրենց կադրերով միանալ ու օգնել հեղափոխական կառավարությանը, սակայն թե ԲՀԿ-ն, թե ԼՀԿ-ն հասկանում են, որ կառավարությունում 1-2 պորտֆել ունենալը չի կարող արդյունավետ լինել, ու չարժե դրա համար իրենց վրա վերցնել Նիկոլ Փաշինյանի կառավարության պատասխանատվությունը՝ առավել ևս իմանալով նրա էքսցենտրիկ բնավորությունը:

Թե ինչ արդյունքի կհասնի Նիկոլ Փաշինյանը՝ դժվար է ասել, քանի որ թե նրա թիմում, թե ԲՀԿ-ում ու ԼՀԿ-ում գիտակցում են, որ Փաշինյանի հետ աշխատելն անհնար է, և քավության նոխազ դառնալու հերթը հասել է իրենց: Նրանք այլևս չեն կարողանում գոնե իրենց նեղ շրջանակներում չդժգոհել Փաշինյանից՝ ասելով, որ նա չի ցանկանում ընդունել, որ այդ ձախողումների համար մեղավոր է ոչ թե այս կամ այն նախարարը, այլ ինքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել