Pastinfo.am-ը գրում է.

Հունվարի 1-ից գործողության մեջ մտած նոր մաքսային դրույքաչափերը մեծացրել են ճնշումը բազմաթիվ ապրանքների գների վրա։ Երրորդ երկրներից ներմուծվող մի քանի հարյուր ապրանքների նկատմամբ կիրառվող լրացուցիչ մաքսային վճարները հանգեցնելու են դրանց թանկացման։ 

Թեև այդ հատվածից թելադրված ընդհանուր գնաճը գնահատվում է ընդամենը 0,5 տոկոս, այնուհանդերձ պարզ է, որ այն տարբեր ապրանքատեսակների մասով տարբեր կերպ է արտահայտվելու։ Մի դեպքում ավելի շատ, մի դեպքում` ավելի քիչ։

Սպառնալիքի տակ են հայտնվել ոչ միայն սահմանափակ, այլև լայն սպառման շատ ապրանքատեսակներ։

Խոսքը մասնավորապես` մսամթերքի, հացահատիկի, ձվի, դեղորայքի, գյուղատնտեսական պարագաների, շինանյութերի, գործվածքների և բազմաթիվ այլ ապրանքների մասին է, որոնց ներմուծման համար տրված արտոնյալ ժամկետը այլևս ավարտվել է։ ԵԱՏՄ-ից դուրս դրանց ներկրումը այսուհետ հարկվելու է նոր դրույքաչափերով։

Տարեսկզբին ավարտվեց նաև տրանսպորտային միջոցների ներմուծման այն երանելի ժամանակաշրջանը, որը մի պահ Հայաստանը դարձրել էր նպաստավոր հարթակ` Եվրասիական միության անդամ երկրներ ավտոմեքենաներ մատակարարելու համար։ Այլևս գործելու են այնպիսի խիստ մաքսային դրույքաչափեր, որոնք ստիպելու են շատերին հրաժարվել երրորդ երկրներից տրանսպորտային միջոցներ ձեռք բերել։ Այդպես էլ կառավարությունը ոչինչ չարեց սպառողների վրա այդ բեռը ինչ-որ չափով թուլացնելու համար։

Ի տարբերություն երրորդ երկրների` առավելություն են ստանում ԵԱՏՄ-ում արտադրվող տրանսպորտային միջոցները, որոնք ազատված են ներմուծման մաքսատուրքերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել