Թրամփի գլխավոր նախընտրական խոստումներից մեկն ամերիկյան զորքերի` Իրաքից և Սիրիայից դուրս բերելն էր: Դա իզոլյացիոն քաղաքականության տրամաբանական շղթայի մաս էր: Նա պնդում էր, որ ԱՄՆ-ն պարտավոր չի աշխարհի ոստիկանը լինել, որ ամերիկյան զինվորները չպետք է զոհվեն հանուն օտարերկրացիների, առավել ևս, որ դա շատ ծանր է նստում ԱՄՆ բյուջեի վրա:

Սա, իհարկե, շատ պոպուլիստական հայտարարություն էր, որը բացարձակ կապ չուներ իրականության հետ: Իրականում ԱՄՆ-ն պարտավոր է լինել աշխարհի ոստիկանը հենց այն պատճառով, որ դրանից է կախված իրենց բյուջեն, իրենց ողջ տնտեսությունը: Իրաքում, Սիրիայում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ այլ վայրերում ամերիկյան զինվորները ծառայում են ոչ թե տեղի բնակչության շահերին, այլ հենց ԱՄՆ շահերին: Ուրիշ հարց, որ ոչ բոլոր ԱՄՆ քաղաքացիների շահերին են այդ զինվորները հավասարաչափ, արդյունավետությամբ ծառայում, ինչն էլ պատճառ դարձավ, որ Թրամփը ընտրվի:

ԱՄՆ տնտեսությունը հիմնված է նրա վրա, որ նրանք արտահանում են աշխարհի ամենաշահավետ ապրանքը՝ դոլարը: Օրինակ` աշխարհի ամենաէժան կոկայինը Կոլումբիայում արժի 3.5 $/գրամ, իսկ ամենաթանկն արաբական երկրներում ա ու արժի մոտ 350 $/գրամ: Այսինքն՝ նույնիսկ եթե դու Քուվեյթի շեյխն ես ու քո անձնական ինքնաթիռով գնաս Մեդելինից կոկս բերես ու քո սեփական Քուվեյթում այն իրացնես, եկամտաբերությունը կլինի մոտ 10,000%: Մինչդեռ 100 դոլարանոցի ինքնարժեքը 12 ցենտ է, հենց այդքան արժի էդ թղթադրամը տպելը: Տպողն այնուհետև այն իրացնում է 100 դոլարին համարժեք ապրանքի դիմաց: Այսինքն՝ 12 ցենտով տպում է 100 դոլարանոց ու 100 դոլարի նավթ է գնում նույն Քուվեյթից, կամ Այֆոն է գնում Չինաստանից: Սա մոտ 80,000% եկամտաբերություն ունեցող բիզնես է:

Հայկական բանկում փող դնելով` դուք կարող եք 4-5% աշխատել տարեկան, իսկ եթե բանկը ձերը լինի, իսկ դուք՝ ՀՀ լավագույն բանկի կառավարիչը, ապա կարող եք տարեկան 50% աշխատել: Կարաք մանրածախ առևտրով զբաղվեք, ու եթե շատ լավը լինեք, տարեկան մոտ 100% աշխատեք: Կարաք հանքարդյունաբերությամբ զբաղվեք, ու եթե դրա հետ բոլոր հարցերը կարողանաք լուծել, տարեկան 200% կաշխատեք: Մինչդեռ ԱՄՆ Ֆեդռեզերվը աշխատում է 80,000% ամեն անգամ, երբ 100 դոլարանոց է տպում, ամեն վայրկյան: Ստեղ ընդամենը մի խնդիր կա. էս սխեման աշխատում է միայն, եթե դու կարողանում ես այնպես անել, որ քո 12 ցենտ արժեցող 100 դոլարանոցի դիմաց Քուվեյթի շեյխը քեզ 100 դոլարի նավթ տա, ոչ թե 12 ցենտի: Այ հենց դրա համար է պետք աշխարհի ամենածախսատար զորքը:

Եթե չլինի զորքը, չի լինի 80,000 տոկոսանոց բիզնեսը, որը թույլ է տալիս ամերիկացիքին բավական շռայլ կյանքով ապրել: Սա շատ լավ են հասկանում մասնավորապես ամերիկյան էլիտաները` թե՛ այն էլիտաները, որոնք, անկախ կուսակցական պատկանելիությունից ու նախընտրական խոստումներից, իրենց զորքը ուղարկել են, ուր որ պետք է ու ինչքան որ պետք է, և թե՛ այն էլիտաները, որոնք ոչ մի կերպ թույլ չէին տալիս Թրամփին այս երկու տարիների ընթացքում այդ զորքը դուրս բերել:

Թրամփը իր հերթին բոլոր հնարավոր ճանապարհներով փորձում էր հետամուտ լինել իր խոստումներին ու, հակադրվելով իր բոլոր ինստիտուտներին, գնաց հյուսիսկորեացի Կիմ Ջոնգ Ունի հետ հանդիպման, որի արդյունքում, ուշ թե շուտ, պիտի սկսեն դուրս բերել Ճապոնիայում ու Հարավային Կորեայում կայանված ԱՄՆ 7-րդ նավատորմը: Սրա արդյունքում իրար հետևից հրաժարականներ տվեցին ԱՄՆ ԱԳՆ, ՊՆ, ԿՀՎ տնօրենը և այլք:

Մերձավոր Արևելքում ստատուս քվոն խախտելու համար նա սկսեց խիստ իսրայելանպաստ քայլեր անել: Հայտարարեց, որ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխում է Երուսաղեմ, հետո տասնամյակներով վիճարկվող Գոլանի բարձունքները իսրայելական հայտարարեց: Բայց այդ քայլերը ոչ մի կերպ չէին միավորում մահմեդական աշխարհը: Մահմեդական աշխարհը, և ոչ միայն այն, միավորվեց, երբ սպանվեց գեներալ Սոլեյմանին: Դա արվեց առանձնահատուկ ցինիզմով, դա փաստացի ահաբեկչական ակտ էր: Այդ ակտն էլ ավելի հնչեղ դարձնելու համար նա հանդես եկավ այդ արարքը փառաբանող արհամարհական հայտարարությամբ: Հետո սկսեց պնդել, որ ոչնչացնելու է մշակութային օբյեկտներ:

Այս ամեն արդյունքում ողջ ամերիկյան էսթաբլիշմենթը սրվեց Թրամփի դեմ: Կապ չունի դեմոկրատ, թե հանրապետական, արաբ, թե սիոնիստ: Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պաշտոնապես հայտարարեց, որ Սոլեյմանիի սպանության հետ նրանք բացարձակ կապ չունեն, և որ դա լրիվ ԱՄՆ-ի գործողությունն էր: Բոլորը միահամուռ քննադատում են Թրամփին ու թռնում իր վրայից: Որովհետև բոլորը հասկանում են, որ կան ալիքներ, որոնք հրահրելու դեպքում աշխարհի ամենամեծ բանակն էլ չի փրկի:

Սպանությունից օրեր անց Իրաքի պառլամենտը օտարերկրյա զինուժին դուրս է հրավիրում երկրի տարածքից: Երկու օր անց կոալիցիոն զորքերի դուրսբերման մասին հայտարարություն է տարածվում: Ժամեր անց ԱՄՆ գենշատբի պետ պնդում է, որ այդ հայտարարությունը սխալմունքի արդյունք է, և որ դա սևագիր տարբերակ էր: Նույն օրը հրաժարական է տալիս ԱՄՆ ՊՆ աշխատակազմի ղեկավարը: Մինչդեռ Իրաքում Աբու Մահդի ալ-Մուհանդիսի փոխարեն զորքերի (ալ-Հաշդ) ղեկավար ա նշանակվել Բադրի ղեկավար Հադի ալ-Ամիրին: Ըստ էության, Իրանը վերցրեց Իրաքը լիովին: Նույնը, ըստ ամենայնի, տեղի կունենա Սիրիայում: Ու էդ պահին Վենեսուելայում տեղացի «Նիկոլ» Գուայդոյին զրկում են մանդատից ու նույնիսկ պառլամենտի շենք չեն թողնում՝ մտնի: Էս էն Գուայդոն ա, ում ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Վենեսուելայի նախագահ են ճանաչում: Էս էն Վենեսուելան է, որ ԱՄՆ քթի տակ է:

Նույն օրը Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Բոլթոնը (էն Բոլթոնը, որ ստեղ էր եկել՝ Փաշինյանին հորդորելու արագի մեջ լուծել Արցախի հարցը) հայտարարեց, որ պատրաստ է ցուցմունք տալ Թրամփի դեմ հարուցված իմպիչմենտի գործընթացում:

Մարդը պարզ ասել էր, որ այս դարը գլոբալիստների դարը չի լինելու: Ու տենց... Դոլարներդ ծախեք ու երևի ռուբլի գնեք... Աշխարհը ոնց որ նոր ոստիկան ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել