Operativ.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն անպատասխան թողնելը սխալ կլիներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ, որ չի կարելի առանց որեւէ պատասխանի թողնել որեւէ երկրի իշխանության բարձրագույն օղակներում գտնվող որեւէ հրամանատարի սպանություն»,- ասել է նա CNN Turk-ի եթերում:

Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ նրան կոչ է արել «զերծ մնալ Իրանի հետ հարաբերություններում լարվածությունից»:

Հունվարի 3-ին Պենտագոնը տեղեկացրել էր գործողության մասին, որի ընթացքում Բաղդադի օդանավակայանի մոտ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանին: ԱՄՆ վարչակազմի վարկածով՝ հատուկ գործողությունը պաշտպանիչ բնույթ է կրել, քանի որ ունեցել է Մերձավոր Արեւելքում ամերիկացի զինծառայողներին պաշտպանելու նպատակ:

Արտակարգ նիստի արդյունքներով Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը խոստացել է վրեժ լուծել: Խորհրդի հայտարարության մեջ նշվում է, որ «Ամերիկան պատասխանատվություն է կրում այդ հանցավոր արկածախնդրության հետեւանքների համար»: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի հետ հեռախոսազրույցի ընթացքում հարձակումը ԱՄՆ-ի կողմից ահաբեկչության դրսեւորում է անվանել: Թեհրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել «դատապարտել այդ հանցավոր գործողությունը», ինչպես նաեւ հայտարարել է ինքնապաշտպանության իր իրավունքի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել