168.am-ը գրում է.

Անցած տարվա տնտեսական զարգացումների վերջնական արդյունքները դեռևս հայտնի չեն։ Ամեն դեպքում, պաշտոնական վիճակագրության ցուցանիշները վկայում են, որ  2019թ. տնտեսական աճը սպասվածից բարձր կլինի։

Ի դեպ, դա չեն թաքցնում նաև միջազգային ֆինանսական կառույցները։ Վերջին անգամ նրանք իրենց գնահատականները վերանայեցին աճի ուղղությամբ։

Բայց որքան էլ տարօրինակ լինի, սպասումները նույնը չեն այս տարվա համար։ Ի տարբերություն 2019թ. լավատեսական կանխատեսումների, 2020թ. համար միջազգային կազմակերպությունների գնահատականները հիմնականում չեն փոխվել։ Նրանք ըստ էության համոզված չեն, որ անցած տարվա աճի միտումները կտեղափոխվեն այս տարի։ Սպասումները գերազանցապես  4,5-5 տոկոսի սահմաններում են։

Թե ինչո՞ւ է այդպես, այլ հարց է։ Բայց այդ գնահատականները վկայում են, որ Հայաստանի տնտեսության մեջ երկարատև և բարձր աճի, առավել ևս՝ հեղափոխական զարգացումների համար բավարար հիմքեր չեն ստեղծվել։

Տնտեսությունը շարունակելու է մնալ աճի միջին ցուցանիշների տիրույթում։ Ու դրա հետ համամիտ են նաև Հայաստանի կառավարությունն ու Կենտրոնական բանկը։

Տնտեսական զարգացումների այս տարվա պոտենցիալը կառավարությունը գնահատել է անգամ 5 տոկոսից ցածր։ Այն դեպքում, երբ 2019թ. սպասումն առնվազն 7 տոկոս է։

Ճիշտ է, 7 տոկոսի նկատմամբ միջազգային ֆինանսական կառույցների մոտ որոշակի վերապահումներ կան, բայց նրանք ևս լավատես են և 2019թ. համար նախապես սպասվածից բարձր աճ են ակնկալում։ Իհարկե, պետք է ենթադրել, որ այդ գնահատականների վրա ուղղակի ազդեցություն են ունեցել պաշտոնական վիճակագրության արձանագրումները։ Դրանք փաստում են, որ տնտեսությունը բավական բարձր աճի տիրույթում է, ոչինչ, որ հասարակությունը շարունակում է չվստահել վիճակագրական տվյալներին։ Որքան էլ թվում էր, թե իշխանափոխությունից հետո նման խնդիր այլևս չի լինի, այնուհանդերձ, այդպես չէ. ընդհակառակը` իշխանափոխությունից հետո անվստահությունը վիճակագրական ցուցանիշների նկատմամբ ավելի է խորացել։

Դրանց հետ կապված որոշակի վերապահումներ, ըստ էության, ունեն նաև միջազգային կառույցները։ Այլապես 2019թ. տնտեսական աճի վերաբերյալ նրանց կանխատեսումները հնարավորինս մոտ կլինեին վիճակագրական ցուցանիշներին։ Այնինչ, անգամ վերանայումից հետո դրանք բավականաչափ հեռու են։

Մասնավորապես Համաշխարհային բանկը 2019թ. համար Հայաստանում սպասում է 5,5 տոկոս աճ։ Սա բարձր է պետական բյուջեով պլանավորվածից, բայց էապես ցածր է կառավարության ակնկալիքներից։ Իր գնահատականներում ավելի լավատես է Արժույթի Միջազգային Հիմնադրամը։ Այն Համաշխարհային բանկից 0,5 տոկոսով բարձր ակնկալիք ունի նախորդ տարվա տնտեսական աճի նկատմամբ։ ԱՄՀ կանխատեսումը 6 տոկոս է։ 2019թ. տնտեսական աճի վերաբերյալ անցած տարվա վերջին լավատեսական դարձան նաև Ասիական Զարգացման Բանկի գնահատականները։ Եթե մինչ այդ ԱԶԲ-ն  Հայաստանի տնտեսության աճի պոտենցիալը գնահատում էր 5 տոկոսից ցածր, ապա վերջին զեկույցում բարձրացրեց և հասցրեց ընդհուպ 6 տոկոսի։

Հայաստանի տնտեսության 2019թ. աճի վերաբերյալ բարձր կանխատեսում ունի միջազգային վարկանշային «Ֆիթչ» ընկերությունը։ Վերջինիս գնահատումներով՝ ՀՆԱ  ավելացումը կհասնի ընդհուպ 6,5 տոկոսի։

Բայց դա չէ կանխատեսումների վերին սահմանը։ Ու դրա հեղինակը ոչ թե միջազգային կազմակերպություններն են կամ կառավարությունը, այլ Հայաստանի Կենտրոնական բանկը։ Տնտեսության վերաբերյալ իր գնահատականները նախորդ թարմացումից հետո ԿԲ-ն հասցրեց 6,9 տոկոսի։ Բայց հետո համարեց, որ դա էլ քիչ է։ Ուստի տարեվերջին մոտ որոշեց 2019թ. աճի կանխատեսումը ևս մեկ անգամ վերանայել։ Ըստ այդմ, ԿԲ-ն 2019թ. համար այլևս սպասում է ոչ թե 6,9, այլ 7,3-7,4 տոկոս աճ։

Թվում է, թե տնտեսության մեջ ամեն ինչ փայլուն է, և այդ զարգացումները պետք է ավտոմատ տեղափոխվեն նաև այս տարի։ Բայց այդպես չէ։

Անցած տարվա նկատմամբ առկա նման լավատեսական սպասումների ֆոնին, ինչպես միջազգային կառույցները, այնպես էլ՝ Կենտրոնական բանկը մեծ ակնկալիքներ չունեն 2020թ. նկատմամբ։ Պատահական չէ, որ վերջին վերանայումներից հետո նրանք հիմնականում անփոփոխ թողեցին 2020թ. տնտեսական աճի ակնկալիքները։ Ու դա ունի իր պատճառները. չկա վստահություն, որ Հայաստանի տնտեսության մեջ ձևավորվել են բավարար հիմքեր` հետագա կայուն, առավել ևս՝ բարձր աճի համար։

Անցած տարվա վերջին ամիսների տնտեսական ակտիվության ցուցանիշները վկայում են, որ ամսեամիս տնտեսությունը հետընթաց է արձանագրում. հոկտեմբերին անկում գրանցվեց սեպտեմբերի նկատմամբ, նոյեմբերին` հոկտեմբերի նկատմամբ։ Ընդ որում, անկման տեմպը նոյեմբերին գրեթե կրկնակի բարձր էր։ Եվ սա՝ այն դեպքում, երբ տարվա վերջին սովորաբար տնտեսական գործընթացներն ակտիվանում են։

Դեռ չհաշված, որ Հայաստանի տնտեսության մեջ արձանագրվող ցուցանիշները հաճախ պարզապես նախկինում եղած շրջանառությունների բացահայտման արդյունք են։ Բուն տնտեսական գործընթացների ակտիվությունն այնպիսին չէ, ինչպիսին փաստում են վիճակագրական ցուցանիշները։

Նորություն չէ, որ Հայաստանի տնտեսության մեջ անհնարին է երկարատև և բարձր աճ ապահովել` առանց մեծածավալ ներդրումների։ Իսկ ներդրումների, և հատկապես օտարերկրյա ներդրումների առումով տնտեսությունն իշխանափոխությունից հետո չի փայլում ակտիվությամբ։

Ընդհակառակը` ներդրումները շարունակում են մնալ՝ որպես բարի ցանկություն, նույնիսկ այն պարագայում, երբ միջազգային վարկանշային ընկերությունները փորձում են որոշակի խթանող ազդակներ հաղորդել։ Ու սա պայմանավորված է, առաջին հերթին՝ ներդրողների շրջանում պահպանվող սպասողական վիճակով։ Թեև այդ սպասողական վիճակն աստիճանաբար կարծես փոխվում է հիասթափության։ Այլ կերպ, թերևս, դժվար է բացատրել ներդրումների ակտիվ արտահոսքն ներքին տնտեսությունից։ Մի բան, ինչը որքան մտահոգիչ, նույնքան վտանգավոր միտում է։ Քանզի, երբ չկան ներդրումներ, չկան նաև հեռանկարային զարգացումներ։ Առավել ևս՝ Հայաստանի տնտեսության պարագայում, որի ապագան կապված է արտադրողականության բարձրացման հետ։ Իսկ դա անհնարին է պատկերացնել՝ առանց լուրջ ֆինանսական ներարկումների։

Այս պայմաններում երբեմն կարող են լինել կարճաժամկետ գործոններ, որոնք կհանգեցնեն բարձր տնտեսական աճի։ Բայց դա ժամանակավոր երևույթ է։

Պատահական չէ, որ 2020թ. տնտեսական աճի սպասումները շատ ավելի համեստ են։ Հրապարակված վերջին զեկույցներում Համաշխարհային բանկն այս տարի Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ 5,1 տոկոս ավելացում։ ԱՄՀ սպասումներն ընդամենը 4,5 տոկոսի սահմաններում են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել