Գերմանացի մուլտիմիլիոնատեր Կարլ Ռեյպենը որոշել է տաս ընկերներ գտնել, որոնք նրա հետ կապրեն Նոր Զելանդիայում գտնվող 5.6 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ ագարակում:

Կալվածքն ունի գինեգործարան, ախոռ և «գեղեցիկ» տեսարաններ, հաղորդում է The Guardian-ը՝ հղում անելով տեղական պարբերականներում հրապարակված համապատասխան հայտարարությանը:

«Հյուրերը կարող են բնակվել տներում և հավաքվել գինեգործարանում հանդիպումների և միասին ընթրելու համար: Եթե ձեզ հետաքրքիր է ապրել հետաքրքիր մարդկանց հետ, ապա սա կարող է ձեզ համար նոր կյանք դառնալ»,- ասվում է գովազդում:

Ռեյպենը բացատրել է, որ երկար տարիներ բիզնեսով է զբաղվել, բայց միշտ սիրել է աշխատել ֆերմայում: Նա շատ ժամանակ և ջանք է ծախսել ագարակի ստեղծման վրա, և այժմ ցանկանում է «դրախտը» կիսել «լավ մարդկանց» հետ:

Մուլտիմիլիոնատերը դիմումներ է ընդունում 70 տարեկանից ցածր մեծահասակներից: Նրա ապագա ընկերներին թույլատրվելու է ագարակ տեղափոխել նաև սեփական ձիերին:

Տեղական Taranaki Daily News պարբերականի տվյալներով, Ռեյպենը հարստացել է սառը սուրճի վաճառքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել