Pastinfo.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման դեմ փաստաբանների բողոքը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Դատախազությունից։

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանին «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՔԾ-ն հայտարարել է նոյեմբերի 25-ին, սակայն միայն 10 օր անց՝ դեկտեմբերի 5-ին, հայտարարվեց նրան մեղսագրվող հոդվածները։ Ըստ այդմ՝ նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածով՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, ծանր հետևանք առաջացնող պաշտոնեական լիազորությունների չարաշահման օժանդակման, պաշտոնեական կեղծիքի օժանդակման, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության պարտակելը օժանդակելու և ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը օժանդակելու համար ։

Գ.Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարվելու մասին ՀՔԾ-ն հայտնեց նոյեմբերի 28-ին և քննիչը նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարան, ինչը բավարարվել է դեկտեմբերի 4-ին։
Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն մեղսագրվող արարքները։ «ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար», - ասել է նախկին գլխավոր դատախազը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել