Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Հարի Հարիսը ստիպված էր հրապարակավ բացատրել իր բեղեր պահելու դրդապատճառը, քանի որ կորեացիները դրանք վիրավորական էին համարել իրենց երկրի համար, հաղորդում է The Telegraph-ը:

«Ես ուզում էի ընդգծել իմ կյանքում տեղի ունեցած փոփոխությունը, այն, որ զինվորական ծառայությունից հետո դիվանագետ դարձա: Ես կցանկանայի ավելի բարձրահասակ լինել, բայց չհաջողվեց, կցանկանայի երիտասարդանալ, բայց դա նույնպես չստացվեց: Բայց ես կարող էի բեղեր աճեցնել, և ես դա արեցի»,- պարբերականը մեջբերում է Հարիսի խոսքերը:

Դեսպանը նշանակվել է 2018-ի ամռանը: Դրանից առաջ նա 40 տարի ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում:

Կորեացիներին դուր չի եկել դեսպանի բեղերը, քանի որ բոլոր ութ ճապոնացի գեներալ-նահանգապետները, որոնք Կորեական թերակղզին ղեկավարում էին 1905-1945 թվականներին, նմանատիպ բեղեր ունեին: Իրավիճակին երկիմաստություն էր հաղորդել այն փաստը, որ Հարիսը ամերիկացի նավաստու և Տոկիոյի մերձակայքում ծնված Ճապոնիայի քաղաքացուհու որդի է:

Դեսպանը կորեացիներին հավաստիացրել է, որ ինքը ներկայացնում է միայն Միացյալ Նահանգների շահերը, և ոչ թե Միացյալ Նահանգների և Ճապոնիայի: Իսկ տարաձայնությունները հարթելու նպատակով բեղերը սափրելու առաջարկը դեսպանը մերժել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել