Hraparak.am-ը գրում է․

Երևանի քաղաքապետարանի աշխատողներն այս տարի ամանորյա արձակուրդ են գնում հիասթափված։ Բացառությամբ մի քանի ընտրյալների, քաղաքապետարանի աշխատակիցներից շատերի պրեմիաները պակասել են։

Նրանք այն հատվածն են, ում վրա հիմնված է քաղաքապետարանի աշխատանքի հիմնական բեռը։ Վերջում էլ պարզվել է, որ 13-րդ աշխատավարձը, որը միշտ տրվել է եւ սահմանված է օրենքով, այս տարի չի տրվելու՝ սովորական ու իրական աշխատողներին զրկելով ամանորյա նույնիսկ համեստ նախապատրաստություն տեսնելու հնարավորությունից։ Մարդիկ պլանավորել են իրենց ծախսերն ու կանգնել փաստի առաջ՝ կա ծախս, չկա գումար, ու նրանք չեն հասկանում, թե ինչու՞ են իրենց հետ այդպես վարվում։ 

Այսօրվա ֆուրշեթին, որը հրավիրել է «կարգին» Հայկոն, շատերը ոչ թե հաճույքով, այլ ստիպված են մասնակցելու։ Մի բան էլ է զայրացրել նրան՝ ֆուրշեթների ծախսերը նախկինում ավելորդ համարող Հայկոն, անցած տարվա 700 հազար դրամի փոխարեն ծախսել է 2 մլն դրամից ավելի։ 
Ու աշխատակիցները հասկանում են, որ քաղաքային իշխանության նոր թիմը եկել է ոչ թե աշխատելու, այլ վայելելու, քանի որ աննախադեպ բարձր գումարներ են դուրս գրվում մեծ պարգևատրումների, ֆուրշեթների ու բանկետների, արտասահմաններում վոյաժների, ամանորյա միջոցառումների համար, իսկ սովորական աշխատողների համար գումար չկա։ 

Եւ երբ աշխատողներն իրենց բավարարված չեն զգում, բոլորն էլ գիտեն աշխատանքի արդյունավետությունը նվազում է։ Այ այսպիսի նախատոնական տրամադրություն է տիրում Երևանի քաղաքապետարանի հպարտ քաղաքացիների մոտ և պարզ չի այդ հպարտ աշխատողները կլսե՞ն Հայկոյին՝ գնալով Հանրապետության հրապարակի միջոցառմանը, թե՞ այնուամենայնիվ, կեսգիշերին կգնան Հրապարակ՝ չուզենալով  աշխատանքը կորցնել։

Նշենք,որ ֆուրշեթը նախատեսված է այսօր 15.00-ին՝ քաղաքապետարանում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել