Pastinfo.am-ը գրում է․

Հսկող դատախազը դեռևս չի ստացել «5-րդ ալիք» ՀԸ սեփականատերն Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին Դատախազությունից։ Մինչդեռ փաստաբան Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ միջնորդությունը ներկայացրել են առձեռն՝ դատախազության գրասենյակ՝ դեկտեմբերի 27-ին։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին Հովհաննես Խուդոյանը հայտարարել է, որ ԶԼՄ ներկայացուցիչները՝ որպես հարգանքի դրսևորում իրենց գործընկերոջ նկատմամբ, պատրաստակամություն են հայտնել երաշխավորելու, որ պարոն Թավադյանը, գտնվելով ազատության մեջ, որևէ խոչընդոտ չի հանդիսանա քրեական գործի համար։ Թեև դատախազությունից հայտնում են, որ հսկողություն իրականացնող դատախազը դեռևս չի ստացել միջնորդությունը՝ Հովհաննես Խուդոյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց. «Շաբաթ հանդիպել եմ դատախազի հետ։ Ինքը տեղյակ է, որ դիմել ենք։ Իրենց մնում է գործավարությունից թուղթը տալ դատախազին և ու մտածել որոշման մասին»,- ասաց Խուդոյանը։ Հարցին, թե արդյո՞ք կան սահմանված ժամկետներ միջնորդությունը քննարկելու համար՝ Խուդոյանը պատասխանեց, որ բոլոր միջնորդությունները քննվում են անհապաղ։

Հիշեցնենք, որ ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից եւ մեղադրանք առաջադրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ենթադրյալ աջակից՝ ավելի վաղ ձերբակալված Վ. Մկրտչյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւ նրան ազատել արգելանքից։ Փոխարենը նույն օրը ձերբակալվել է հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանը, ապա նաեւ կալանավորվել՝ նույն մեղադրանքով։

Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկի ձերբակալությունը: Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ երկու տարի շարունակ պնդել են, որ նպատակ չունեն գործի քննությանը խոչընդոտելու և ոչ էլ ցուցմունք կա, որը ցանկություն են ունեցել փոխելու։ Անդրադառնալով ոստիկանության տարածած տեսանյութին՝ նա նշել է երկու տարբերակ՝ կամ աջակիցն է երեք ամիս առաջ հայտնվել հատուկ նպատակով կամ էլ նրա մուտ ուղարկված մարդը։ Այսինքն՝ երկու դեպքում էլ նա նշել էր, որ դա կազմակերպված է եղել իշխանությունների կողմից։ «Աբսուրդ է, որ նման բան անի մի մարդ, ում ճանաչում ենք երեք ամիս»,- հայտարարել է Լեւոն Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել