Operativ.am-ը գրում է.

Արգենտինայում օդաչուին հաջողվել է նստեցնել վնասված շարժիչներով մասնավոր ինքնաթիռը եգիպտացորենի դաշտում եւ փրկել բոլոր ութ ուղեւորների կյանքերը, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում անելով La Nación պարբերականին:

Նշվում է, որ վթարային վայրէջքը կատարվել է վատ եղանակային պայմաններում՝ փոթորկի եւ հորդառատ անձրեւի ժամանակ: Սակայն Cessna C560X LV-FQ-ի օդաչուն կարողացել է նստեցնել ինքնաթիռը դաշտում, որը տեղակայված էր թռիչքուղուց շուրջ 3 կմ հեռավորության վրա:

Դեպքի արդյունքում տուժածներ չկան: Բոլոր ուղեւորները ինքնուրույն հեռացել են ինքնաթիռից: Նրանք չեն զգացել բժիշկների կարիքը:

Պարբերականի կողմից հարցմանը մասնակցած ավիափորձագետները նշել են, որ ողբերգությունը կանխարգելել է օդաչուի վարպետությունն ու փաստը, որ դաշտում եգիպտացորենի շիվերը մեկ մետրից ավելին էին, իսկ հողը խոնավացել էր անձրեւի հետեւանքով: Եթե ինքնաթիռը վայրէջք կատարեր մի քանի մետր հեռու, կմխրճվեր բլրի մեջ, ինչը, մասնագետների կարծիքով, օդանավում գտնվող բոլոր մարդկանց համար մահացու կլիներ:

Թռիչքը կազմակերպել էր գործարար Խոսե Լոպեզ Կարբայեդան (José López Carballeda): Նա ցանկացել էր փորձարկել ինքնաթիռը դրա գնման մասին որոշում կայացնելու համար: Ինքնաթիռում գտնվել են նաեւ նրա բարեկամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել