Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մերկասառուցի պատճառով հերթական ավտովթարն է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 10:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքից դեպի Հանքավան ավտոճանապարհի՝ Աղավնաձոր գյուղի վարչական տարածքում, բախվել են Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի բնակիչ, 52-ամյա Կամո Ծերեթյանի վարած Opel մակնիշի 89 VC 889 համարանիշի և Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ, 51-ամյա Նելսոն Տոնոյանի վարած Lexus մակնիշի 15 CO 015 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Կ. Ծերեթյանին:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձյան մեջ:

Իսկ վթարի պատճառներից է նաև այն, որ Հրազդանի «Ճանշինը» մատը մատին չի խփել, և չի կատարել ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու աշխատանքները:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված «Ճանշինի» պատասխանատուն Ազգային Ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի խնամին է, ով նախորդ իշխանությունների ժամանակ նույնպես աչքի չէր ընկնում իր օպերատիվությամբ և մինչև կապի ու տրանսպորտի նախկին նախարար Վահան Մարտիրոսյանն ու «Հայավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը չէին «բզում», միջոցներ չէր ձեռնարկում, իսկ հիմա երևի հույսը դրել է ամենազոր խնամու վրա:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել