Երեկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուց հետո գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի՝ արդարադատության նախարար եղած շրջանում Հրայր Թովմասյանը հարկադրել է նոտարական պալատի նախագահին իր որոշած պայմաններով ու վարձավճարի չափով նոտարական պալատի համար վարձակալել փաստացի իրեն պատկանող անշարժ գույքը:

Մասնավորապես, «Հրապարակ»-ի հետ կապ է հաստատել Ռուսաստանում բնակվող հայազգի գործարար Ռուբիկ Ղազարյանը և վրդովված պատմել, որ դատախազության կողմից Հրայր Թովմասյանին վերագրվող տարածքը իրականում իրեն է պատկանում դեռևս 2009թ.-ից: 

«Ինձ տեղեկացրին, որ դատախազությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե օրենքով ինձ պատկանող տարածքը, որը վարձակալությամբ է հանձնված եղել, իբր պատկանում է Հրայր Թովմասյանին: Ես պաշտոնապես հերքում եմ դա: Չկա նման բան և չի եղել: Դատախազությունը սուտ տեղեկություն է տարածում: Այդ վարձակալությամբ հանձնված տարածքի սեփականատերը ես եմ և այն ձեռք եմ բերել 2009թ․-ին ՌԴ-ում իմ աշխատած փողով, բոլոր օրինական թղթերը իմ ձեռքի տակ են: Ես քանի որ Հայաստանում չեմ ապրում, այդ տարածքը տարբեր ժամանակներ վարձակալությամբ եմ հանձնել տարբեր մարդկանց»:

Գործարարը տեղեկացրել է, որ մոտ օրերս ինքը գալու է Հայաստան և պատասխան է պահանջելու իրավապահներից իրեն սեփականության իրավունքով պատկանող տարածքը այլ աձի վերագրելու համար: 

«Հատուկ այս դեպքի պատճառով ես հունվարի 15-ին գալու եմ Հայաստան և գնալու եմ ՀՔԾ ու դատախազություն՝ պարզաբանումներ պահանջելու: Ես պետք է հասկանամ՝ ինչո՞ւ են տասը տարուց ավելի ինձ պատկանող անշարժ գույքը այլ մարդու վերագրում: Սա ի՞նչ անփութություն է, գոնե կարող էին կապվել ինձ հետ և հարցնել՝ երբ եմ ձեռք բերել այդ տարածքը և ումից: Նորից եմ կրկնում՝ դա սեփականության իրավունքով ինձ պատկանող տարածքն է, որը երբևէ չի պատկանել Հրայր Թովմասյանի կամ մեկ ուրիշի»,- ասել է Ղազարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել