Ինձ պատերազմ հայտարարելը դատապարտված զբաղմունք է:

Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, խիղճս էլ մաքուր է։

Ոնց հասկացա, «Լիդիան Արմենիա» ընկերությունը, ինձանից բացի, ուրիշ հերոսի անուն չգիտի: Ստախանովյան էնտուզիազմով իմ դեմ ստորագրահավաքներ են կազմակերպում, երկար և անբովանդակ նյութերով հեղեղում են մամուլը՝ փորձելով ապացուցել անապացուցելին, որ Ջերմուկի տարածաշրջանի բնակչությունը կողմ է Ամուլսարի շահագործմանը: Ասեմ, որ ես ընդունում եմ ինձ նետված մարտահրավերը և այսօրվանից խիստ ուշագրավ դրվագներ եմ հրապարակելու Ամուլսարի էպոպեայի հետ կապված:

Երեկ մեր քննիչ հանձնաժողովը հանդիպեց Նազելի Վարդանյանի հետ, ով վարչապետի որոշմամբ ստեղծված հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների համապատասխանության ստուգման աշխատանքային խմբից է և ով անչափ ուշագրավ փաստեր տրամադրեց հանձնաժողովին:
Եւ այսպես՝ «Լիդիան Արմենիա»-ին Ամուլսարը շահագործելու թույլտվություն տալով՝ 11 օրենք և 9 միջագային պայմանագիր է խախտվել:

Այսօր խոսելու եմ « Ընդերքի մասին» օրենսգրքի խախտումներից: Ըստ օրենսգրքի հոդված 25-ի՝ արգելվում է հանքարդյունաբերությունը այն գոտիներում, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ: Ջերմուկում կան այդպիսի բույսեր և կենդանիներ, մասնավորապես` մատնունի-ծիրանավոր բույսը և գորշ արջ:
Ի դեպ, գորշ արջի մասին. «Լիդիան Արմենիայի» կենսաբազմազանության ոլորտի փորձագետը շշմելու հայտարարություն է արել՝ ասելով, թե արջերը սիրում են աղմուկ և պայթյուններ, ուստի շատ հանգիստ կարելի է Ամուլսարում պայթյուններ իրականացնել:
Ինչ վերաբերում է մատնունի-ծիրանավոր բույսին, ապա այն իր բնական միջավայրից հանել, դրել են «գարշոկի» մեջ, տեղափոխել են Սևանի ավազան ու որոշել են, որ խնդիրը լուծել են:
Հա, չմոռանամ «Լիդիան»-ի վերցրած տարածքում բրոնզե դարի 80-ից ավելի դամբարանների մասին, որոնց ճակատագրին առանձին եմ անդրադառնալու:
Մի բան էլ ասեմ ու այսօր դեռ այսքանը։
2017 թվականին կառավարության 427 Ա որոշմամբ «Լիդիան Արմենիա»-ին տրվել է մաքսային և հարկային արտոնություն ներկրելու․․․ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ: Ասեմ` 2 հազար 600 իտալական դուռ, 12 հազար 500 ջահ, 590 զուգարանակոնք:
Մինչև հաջորդ դասին անցնելը չմոռանամ հիշեցնել նաև, որ Ջերմուկում ցանկացած պայթյուն արգելված է, և անգամ նոր շենք կառուցելու համար Ջերմուկում պայթեցում չեն անում` հանքային ջրի հոսքերը չվնասելու համար: Իսկ Ամուլսարը շահագործելիս պայթյուններն ուղղակի կործանարար են լինելու Ջերմուկի համար:
Այսօր այսքանը:
Վստահ եմ, որ «от имени народа» «Լիդիան Արմենիա»-ն պատասխան նամակ է հրապարակելու ու շաղ տալու մամուլով, ուստի մնացած փաստերը` ուրանի, ցիանիդի ու մնացյալի մասին` հաջորդիվ:
Ջերմուկը Չեռնոբիլ չի դառնալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել