Hraparak.am-ը գրում է.

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի երեկ հրավիրած տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը շատ արագ վերածվեց Հրայր Թովմասյանի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկման։ Բադասյանը, իհարկե, սկզբում փորձեց ներկայացնել նախարարության ձեռքբերումները, որոնցից հիմնականը, ըստ նրա, դատաիրավական բարեփոխումներին ուղղված ռազմավարության մշակումն էր։ Մի քանի փոփոխության մասին եւս խոսեց, որոնցից, սակայն, Հայաստանում արդարադատության վիճակը չի բարելկավվել։ Ավելին, որոշ ուղղություններով գնալով կարծես թե հետընթաց ենք ապրում, օրինակ՝ դատարանների հանդեպ իշխանությունների կողմից ճնշումների նոր՝ «հեղափոխական» մեթոդների կիրառման ենք ականատես լինում, որը, սակայն, Բադասյանը համարում է օրինական գործընթաց։

Ի դեպ, մինչ նախարարն ասուլիս էր տալիս, ՀՔԾ-ն մեղադրանք էր առաջադրում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին՝ արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական դիրքը չարաշահելու հոդվածով։ Ռուստամ Բադասյանն ասաց, որ իր կարգավիճակով անձեռնմխելի համարվող ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելու մեջ օրենքի խախտում չի տեսնում, քանի որ մեղադրանքն առաջադրվել է ոչ թե Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ եղած ժամանակ թույլ տված ենթադրյալ չարաշահումների, այլ արդարադատության նախարար եղած ժամանակվա «չարաշահումների» մասով։ Ապա ընդգծեց՝ Հայաստանում չկա որեւէ պաշտոնյա, որն անձեռնմխելի է, եւ չեն կարող նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։

Մենք նախարարին երկու հարց ուղղեցինք։ Նախ հետաքրքրվեցինք՝ Հայաստանում արդարադատություն կա՞, թե՞ ոչ, մասնավորապես՝ վերջին մեկուկես տարում։ 2016 թվականին, ի դեպ, նույն հարցն ուղղել էինք այն ժամանակվա արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, ով ասել էր, որ արդարադատություն կա Հայաստանում, բայց նաեւ դրա հետ կապված խնդիրներ կան։ Ռուստամ Բադասյանն էլ երեկ նմանատիպ պատասխան տվեց՝ Հայաստանում կա արդարադատություն, ավելին՝ Հայաստանում հեղափոխությունից առաջ էլ կար արդարադատություն, պարզապես հարցն այդ արդարադատության որակն է եւ հանրության վստահությունը դրա նկատմամբ։

Մեր մյուս հարցը վերաբերում էր անձեռնմխելի պաշտոնյաներին։ Հարցրինք՝ ի՞նչ է կարծում, ԱԺ շենքի պաշարման գործընթացը կազմակերպած կամ դատարանները շրջափակելու կոչ անող պաշտոնյայի նկատմամբ հիպոթետիկ պե՞տք է քրեական հետապնդում իրականացվի, թե՞ ոչ։ Հիշեցնենք․ նման կոչերով հանդես էր եկել եւ ղեկավարել էր անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Պարզվում է, ըստ նախարարի, Ազգային ժողովի շենքի շրջափակումը հեղափոխության հերթական փուլն էր, որը դարձյալ, ըստ նրա, իրագործվել է օրենքի բոլոր պահանջների եւ պայմանների պահպանմամբ։ «Հայաստանի ժողովրդի կամքը եւս մեկ անգամ արտահայտվել է Հայաստանում բարեփոխումներ սկսելու եւ Հայաստանում նոր որակի քաղաքական իշխանություն ձեւավորելու մասով, որին հաջորդել են ընտրություններ, որոնք առաջին անգամ ՀՀ պատմության մեջ որակվել են որպես ազատ, արդար ընտրություններ»,- ասաց նախարարը։

Ինչ վերաբերում է դատարանների շրջափակման կոչին, Բադասյանն այստեղ էլ «օրենքի շրջանակներում» բացատրություն տվեց․ «Բազմիցս դրա մասին խոսել ենք, որ դա հանրության ուշադրությունը հրավիրելու համար էր, որ այս համակարգում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որպեսզի հանրության վստահությունն այդ համակարգի նկատմամբ աճի, եւ մենք ակնկալենք որակյալ արդարադատություն»։ Նախարարը նկատեց, որ եթե նոր իշխանության նպատակը լիներ իրենից կախված դատական համակարգ ունենալը, դրա մեթոդները հրապարակային կոչ անելը չէր։

Նկատեցինք, որ դա իր մեկնաբանությունն է, մինչդեռ Քրեական օրենսգրքում այդպիսի մեկնաբանություն չկա՝ հեղափոխության շրջանակներում կամ հանրության ուշադրությունը հրավիրել, մանավանդ՝ նման բացատրություններ կարող են տալ նաեւ այլ անձինք՝ նման ակցիաներ կազմակերպելիս․ Քրօր․-ում կան հստակ հոդվածներ, օրինակ՝ չի կարելի խոչընդոտել դատարանների աշխատանքը եւ այլն։ Նախարարն ասաց, որ մեր վկայակոչած հոդվածների շրջանակներում այդ արարքը չի տեղավորվում։

Հարցրինք նաեւ՝ արդարադատության որակն ինչպիսի՞ն է այսօր, եւ այն գործընթացները, որ ծավալվում են ՍԴ-ի շուրջ, արդարադատության ի՞նչ որակի մասին են վկայում։ «Տեսեք, արդարադատության որակի մասով ես կարծում եմ, որ շեշտակի առաջընթաց չունենք։ Այսինքն՝ այո, համակարգային կոռուպցիան բոլոր ոլորտներից դուրս է մղվել եւ չի կարող պահպանվել նախորդ մակարդակով, բայց, նախ, բացի կոռուպցիոն ռիսկերից, դատական համակարգում դատական ակտերին ներկայացվող պահանջների պահպանման առումով, կարծում եմ, կրկին լուրջ խնդիրներ ունենք։ Եվ դրա մասին վկայում են նաեւ մեր հարուցած կարգապահական վարույթները»,- ասաց Ռուստամ Բադասյանը։

Ի դեպ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը երեկ ՀՔԾ-ում հարցաքննությունից հետո հայտարարել էր, որ ՍԴ անդամներից որեւէ մեկը չի պատրաստվում գնալ վաղ կենսաթոշակի։ Հիշեցնենք, որ վաղ կենսաթոշակի ուղարկելու օրինագիծը մշակվել է Բադասյանի ղեկավարած գերատեսչությունում, ընդունվել ԱԺ-ի եւ ստորագրվել ՀՀ նախագահի կողմից ու մտել ուժի մեջ։ Ի պատասխան Թովմասյանի այդ հայտարարությանը՝ Ռուստամ Բադասյանն ուղղակի ապշեցնող պատասխան տվեց․ «Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում Սահմանադրական դատարանի վրա»։
Ըստ Բադասյանի՝ մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որը ոչ թե ընդդիմություն է, այլ՝ Սահմանադրական դատարան։ Իսկ իրենց պատկերացմամբ՝ Սահմանադրական դատարանը, բնականաբար, այն դատարանն է, որը չի ազատում Քոչարյանին կալանքից։
Փաստորեն, սելը ճռռալու փոխարեն սելվորն է ճռռում։ Իշխանությունը, օգտագործելով իր բոլոր լծակները՝ արդարադատության նախարարություն, ՀՔԾ, ԱԱԾ, ճնշումներ է գործադրում ՍԴ անդամների վրա՝ նրանց «կամավոր» վաղ կենսաթոշակի ուղարկելու համար, իսկ արդարադատության նախարարն ասում է՝ ՍԴ նախագահն է ճնշում գործադրում ՍԴ անդամների վրա։ Ինչպես ասում են՝ հասել ենք, իջեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել