168.am-ը գրում է.

Առողջապահության կազմակերպիչ, ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց. «Շատ հաճելի է, երբ ներկայացվում է ժողովրդին այն, ինչ արվել է, բայց ինչո՞ւ մինչև վերջ չի ներկայացվում, թե ինչ է արվել, իսկ ինչը՝ոչ: Մենք ապրում ենք երկու տարբեր իրականություններում: Մի իրականությունում ապրում է այսօրվա իշխանության թևն ու իրենց ջատագովները, ովքեր համարում են, որ ամեն ինչ հիանալի է և լավ: Զուգահեռ իրականության մեջ ապրում են այն մարդիկ, ովքեր թերությունները նկատում են ու բարձրաձայնում դրանց մասին: Այդ իրականությունները որևէ տեղ չեն հատվում»:

Ամփոփելով առողջապահության ոլորտի 2019 թվականին գրանցված արդյունքները, նա հայտարարեց.

«Անվճար ուռուցքաբանության ծրագիրը տապալվեց Առողջապահության նախարարության պատճառով: Սկզբում նրանք հայտարարեցին, որ ուռուցքաբանությունը անվճար է, իսկ հետո հայտարարությամբ հանդես եկան ու պարզաբանեցին, որ ոչ թե ուռուցքաբանությունն է անվճար, այլ միայն ուռուցքաբանական վիրահատությունները: Այդ վիրահատությունների գնացուցակը տեսնելով՝ մի շարք բուժկենտրոններ հրաժարվեցին սպասարկել նման ծիծաղելի գներով, ինչից հետո վերանայվեց այդ գնացուցակը, գները բարձրացվեցին»:

Ընդ որում, նախարարության հրամանի մեջ նշված է, որ ներվիրահատական գործիքները, արյունը, դեղորայքի մի մասը հիվանդը ինքը պետք է բերի:

«Քիմիաթերապիան շարունակում է մնալ վճարովի ծառայություն, իսկ քիմիաթերապիայի համար նախատեսված գումարները իրականում աղետալի են, եթե հիվանդը կարող է վճարել 600.000 դրամ և մեկ անգամ վիրահատվել, ապա քիմիաթերապիայի մեկ անգամվա կուրսը 600.000 դրամից ավելի է, իսկ հիվանդը ստանում է այդ կուրսը 6 ամսով, որից հետո մեկ տարի անց պիտի կրկնի այդ կուրսը: Այս հարցերի շուրջ նախարարությունը պիտի լավ մտածեր մինչ հայտարարելը, թե իբր ուռուցքաբանությունն անվճար է»,- հայտարարեց Գևորգ Գրիգորյանը:

Բանախոսը նշեց, որ ճառագայթային բուժման դեպքում անվճար է միայն հին սարքից օգտվելու դեպքում, իսկ նոր սարքից օգտվելն արժե 45.000 դրամ:

Վերջինս անդրադարձավ նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու տեղակալների աշխատավարձերի բարձրացման փաստին:

«Մենք բոլորս տեսանք, որ նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը բարձրացան, և այդ 1.5 միլիոն դրամ նախարարի աշխատավարձի գաղափարը բավականին շրջանառվեց ու վրդովմունք առաջացրեց, իսկ փոխնախարարների աշխատավարձը բարձրացվեց 1 միլիոն 60 հազար դրամի: Քչերն են տեղյակ, որ այդ թվերը մաքուր աշխատավարձերն են, այնինչ, եթե մենք գումարենք այդ թվերին 26.4 տոկոսը, որով հարկվում են այդ մարդիկ, ապա կտեսնենք, որ աշխատավարձը բարձրացրել են ոչ թե մինչև 1 միլիոն 60 հազար-1.5մլն, այլ 1.5 միլիոնից -2 միլիոն դրամ»,- հայտարարեց Գևորգ Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել