168.am-ը գրում է.

Երեկ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյյանը  ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել էր, որ այսօր հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ բացատրություն տալու՝ կապված Երևանի քաղաքապետի՝ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստի առթիվ գլխավոր դատախազություն իր տված հաղորդման հետ:

168.am-ի հետ զրույցում Դավիթ Խաժակյանն ասաց, որ հանցագործության մասին տված հաղորդումը լրացրել է նոր տեղեկություններով և ակնկալում է, որ այդ տեղեկությունների հիման վրա ևս պետք է հարուցվի քրեական գործ, ու դրանով անցնեն Քաղաքապետարանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր ներգրավված են եղել պաշտոնեական լիազորությունների անցման ու պաշտոնեական կեղծիքի գործընթացում:

«Ներկայացրածս նոր հանգամանքներից մեկն այն էր, որ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը, երբ ստանձնել է քաղաքապետի լիազորությունները՝ փոխարինելով նրան, դրա հիմքում չի ունեցել որևէ իրավական ակտ, որովհետև այն կարգադրությունը, որով քաղաքապետը հանձնարարել էր առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանին՝ լիազորությունները դնել, քաղաքապետի ժ/պ նշանակել Հայկ Սարգսյանին, կարգադրության այդ կետը չի կատարել, Հրաչյա Սարգսյանը նման իրավական ակտ չի ստորագրել, որի արդյունքում Հայկ Սարգսյանը առանց որևէ իրավական հիմքի՝ փոխարինել է քաղաքապետին»,- ասաց Դավիթ Խաժակյանը:

Ավագանու ընդդիմադիր անդամը պնդում է, որ դա իրավական առումով ծանր հետևանք է առաջացրել, որովհետև քաղաքապետի 70-ից ավելի որոշումներ և կարգադրություններ ստորագրվել են մի անձի կողմից, ով այդ փաստաթղթերի տակ ստորագրելու իրավունք չուներ, ուստի դրանք իրավական առումով առոչինչ են:

«Դա նույնն է, ինչ քաղաքապետի այդ որոշումների ու կարգադրությունների տակ ստորագրեր, օրինակ, քաղաքապետի վարորդը, և հասկանալի է, որ այն չէր կարող ունենալ իրավաբանական ուժ, ինչը և այս գործողության հետևանքն է, որով վնաս է հասցվել քաղաքի շահերին»,- նշեց Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ իր մոտ առկա փաստաթղթերը վկայում են այն մասին, որ տեղի է ունեցել նաև պաշտոնեական կեղծիք:

Վերջինս նշում է, որ իրեն ՀՔԾ-ում տեղեկացրել են, որ բացատրություն են վերցնելու նաև Քաղաքապետարանի պաշտոնյաներից, ապա գուցե նաև՝ կրկին իրենից, որից հետո կորոշեն քրեական գործ հարուցելու հանգամանքը:

«Այս պահին քրեական գործի հարուցումը այլընտրանք չունի, և ես իմ բացատրության մեջ մատնանշել եմ բոլոր այն անձանց, ովքեր կարող են գործի համար կարևոր տեղեկատվություն հաղորդել, և եթե այդ պաշտոնյաներից որևէ մեկը քննչական մարմնին փորձի հաղորդել կեղծ տեղեկություն, ապա, ինչպես արդեն ասել եմ, երբեք ոչ ոք չգիտի, թե ինչ փաստաթուղթ կընկնի իմ ձեռքի տակ»,- եզրափակեց Դավիթ Խաժակյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել