Pastinfo.am-ը գրում է.

Ես սահմանադրագետ չեմ, բայց այն, որ Սահմանադրական դատարանը գործող իշխանության քիմքով չէ և ամեն ինչ անելու է ցանկացած գործիքով այս ՍԴ անդամներից ազատվելու համար, ինձ համար պարզ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս կարծիքն արտահայտեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելուն։

Հիշեցնենք՝ այսօր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով մեղադրանք առաջադրվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին։

Թե որքանով էր այս գործողությունն իրավական, Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝ այստեղ սահմանադրագետներն իրենց խոսքը պետք է ասեն, բայց այն, որ իշխանությունները ցանկացած գնով փորձելու են գործող ՍԴ դատավորներից ազատվել, դա միանշանակ է։

«Դրա վկայությունը վերջին օրենքն է, որը համարում եմ օրինականացված կաշառքի առաջարկ՝ ՍԴ անդամներին, որը ՀՀ նախագահը վավերացրեց։ Կրկնում եմ՝ ՍԴ այն անդամը, որը կգնա այդ խայտառակ գործարքին, պետք է հիշի՝ եթե վճարելու են, որ ինքը կամավոր գնա թոշակի և ՀՀ հարկատուների հաշվին տարիներ շարունակ ստանա 1 մլն և ավել դրամի աշխատավարձ, ապա ցանկացած նոր իշխանության դեպքում ինքն այդ գումարները ոչ միայն վերադարձնելու է, այլ ենթարկվելու է քրեական պատասխանատվության»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Հարցին՝ արդյոք վերջին գործողությունները փոխկապակցված են ՍԴ անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի վավերացման հետ, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ կա պրեսսինգ և ճնշում. «Ես սահմանադրագետ և իրավաբան չեմ, ինձ դժվար է ասել, բայց որ այս ՍԴ-ն իշխանության կոկորդին կանգնած է, դա միանշանակ է։ Նրանք ՍԴ անդամներից ազատվելու ձևը գտնելու են, և դա անելու են փետրվարին, երբ ստեղծվի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը։ Այդ հանձնաժողովով նրանք մի օրենսդրական լուծում կգտնեն ՍԴ գործող կազմը լուծարելու համար, եթե մինչ այդ ՍԴ որևէ անդամ չհամաձայնի իրենց հետ գործարքի գնալ»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը դեռևս 6 ամիս առաջ է զգուշացվել, որ X, Y, Z քայլերը չանելու դեպքում մեղադրանք կառաջադրվի, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ եթե Հրայր Թովմասյանն այդքանն ասում է, նա պետք է ասի, թե ով է իրեն ասել, ով է առաջարկել X, Y, Z քայլերը, որից ինքը հրաժարվել է, որից հետո կարող ենք տալ մեր գնահատականը»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել