168.am-ը գրում է.

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի:

Այս մասին նշված է Datalex.am-ում (Դատական տեղեկատվական համակարգ):

Արարատ Միրզոյանը վիրավորանքի և զրպարտության միջոցով իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջ է ներկայացրել:

«Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ իրեն դատի տալու հիմքում մարդկանց վախեցնելն է:

«Եթե Արարատ Միրզոյանը դիմեր դատարան և սիմվոլիկ մեկ լումա պահանջեր ու գնար նրա հետևից, որ հրապարակային ներողություն խնդրեի, ես կասեի լավ՝ մարդն իրոք նեղվել է: Բայց նա 3.5 մլն դրամ գումար է ուզում իրեն քննադատելու համար»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նարեկ Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ  «Քաղաքացիական գիտակցություն» ազատական հ/կ նախագահ Նարեկ Սամսոնյանը նոյեմբերի 24-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մերձավորներին՝ 26-28 հոգու, Երևանի ռեստորաններից մեկում խաշ է «պատիվ տվել», որի համար վճարել է 290.000 ՀՀ դրամ: Սամսոնյանը նշել էր նաև, որ չէր կարող Միրզոյանը մինչ իշխանության գալն իրեն նման «հաճույքներ» թույլ տալ։

Սամսոնյանի գրառումներին արձագանքել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը. «Սիրելիներս, տարեդարձիս առիթով երեկ առավոտյան հարազատներիս հրավիրել էի խաշի։ Հավաքույթի ավարտին վճարեցի 290 հազար դրամի կարգի գումար»,- գրել էր Միրզոյանը՝ նշելով, որ պատրաստվում է վիրավորանքի և զրպարտության համար դատական հայց ներկայացնել Սամսոնյանի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել