Pastinfo.am-ը գրում է.

«Գրեթե 95 տոկոսով վստահ ենք, որ Նորայր Փանոսյանին կկալանավորեն որովհետեւ ակնհայտ է քաղաքական պատվերը»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով իր պաշտպանյալ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին կալանավորելու միջնորդությանը։

Հիշեցնենք, նախօրեին ՀՔԾ-ն պաշտոնապես հաստատեց, որ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ եւ կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացվել։ Տ.Աթանեսյանի տեղեկացմամբ՝ միջնորդությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին։ Դատական նիստի ժամը, փաստաբանի փոխանցմամբ դեռ հայտնի չէ։

Աթանեսյանի խոսքով, Նորայր Փանոսյանի միակ մեղքը Հրայր Թովմասյանի սանիկ լինելն է, ըստ փաստաբանի, որեւէ այլ մեղավորություն նա չունի։ Ուշագրավ է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն եւս այսօր ներգրավվել է որպես մեղադրյալ նույն հոդվածով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Գլխավոր դատախազը մանրամասներ է հրապարակել քրեական գործից, որտեղ շոշափվում են նաեւ քավոր-սանիկական հարաբերությունները։

Մասնավորապես, նշվում է, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, թե Հ.Թովմասյանը, ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորման և 2 նոտարների կողմից երկար տարիներ իրենց գործունեության վայրը հանդիսացող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունք ունենալու հանգամանքի մասին, պատասխանատու լինելով նոտարական գործունեության ապահովման համար, 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, նշված տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին:

Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Հ. Թովմասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել