Hraparak.am-ը գրում է.

Կառավարությունը դեկտեմբերի 26-ի նիստում հավանություն է տվել  «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններին, ըստ որի՝ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառվում են նաեւ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերը:

Այս առիթով հիշեցինք Տիգրան Ուրիխանյանին, ով  մի քանի ամիս շարունակ բարձրաձայնում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին արդեն շուրջ 1 միլիարդ դրամի գումար չհասնելու հարցը, եւ հետաքրքրվեցինք՝ դատախազությանն ուղղված դիմումից ի՞նչ կա։ Ինչպես հայտնի է՝ ԲՀԿ խմբակցության անդամն ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանին հարցրել էր, թե ուր են  վարչապետի հայտարարած 50 հազար աշխատատեղի դիմաց վճարվելիք 1000-ական դրամները։ Հետո Փաշինյանի խորհրդական Նաիրի Սարգսյանն ինչ-որ լրացուցիչ պարզաբանումներ էր ուղարկել Ուրիխանյանին, վերջինս չէր բավարարվել պատասխանով ու դիմել էր դատախազություն։

Մեզ հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ, մեղմ ասած, զարմացած է, թե ինչու են այդքան դանդաղ աշխատում։ «Որովհետեւ կարծես թե իշխանությունների համար պետք է չափազանց հետաքրքիր լիներ այդ բացահայտումը, առավել եւս՝ եթե դրանից բխող հետեւանքներ կարող են լինել՝ քրեաիրավական։ Այդուհանդերձ, պարբերաբար հետաքրքրվում ենք»։ Դատախազությունը հայտնել է, որ հարցումներ են ուղարկել Պետեկամուտների կոմիտե։ Ինչպես հայտնի է՝ դեկտեմբերի վերջերին ձեւավորվել էր նոր՝ «Սոցիալական շարժում», քանի որ շահառու խմբերի կարծիքով՝ նոր քաղաքական իշխանությունը սոցիալական խնդիրները լուծելու մտադրություն չունի։ Տիգրան Ուրիխանյանը եւս «Սոցիալական շարժման» անդամ է եւ հաղորդեց, որ այս հարցը  շարժման խորհրդի վերջին նիստին մտցվել է սոցիալական միասնական օրակարգ։ «Ցանկացած լուծման պարագայում, եթե լուծվեց՝ լավ, ապա նախագծի տեսքով բերելու ենք որպես զոհվածների ընտանիքների հավելյալ հատուցման նախագիծ, եթե ոչ՝ ապա միանշանակ մեղավորներին պատժելու պահանջով կհռչակվի փետրվարի 29-ին Մարզահամերգայինում անցկացվելիք նիստում»։ Միասնական սոցիալական օրակարգի մաս են կազմում  6 հազար 700  զոհվածների ընտանիքները, մոտ 22 հազարի հասնող պահեստազորի սպաները։ Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց մեկ այլ բացահայտման մասին, ըստ որի՝ պահեստազորի մոտ 22 հազար սպաների 90 տոկոսը տարիներ շարունակ չի ստացել մոտ 130 միլիոն դոլարի արձակուրդայիններ։ Գումարած՝ դրանից բխող 0,15 տոկոս օրական տույժը, որը հաշվարկվում է չվճարելու դեպքում․ հայտնի է, որ բոլոր պետական ծառայողներն օրենքով սահմանված պարտադիր արձակուրդի իրավունք ունեն, որը վճարվում է 40 տոկոսանոց հավելավճարով։ Որպես ամփոփում՝ Ուրիխանյանն ասաց, որ այս եւ այլ հարցերը լուծում չստանալու դեպքում «կտեղափոխվեն Ազատության հրապարակ»։

Նշենք, որ մի քանի օր առաջ պահեստազորի մայոր Ցոլակ Էդուարդի Խաչատրյանը, ով պարբերաբար հացադուլ է անում կառավարության շենքի կամ ՊՆ-ի դիմաց՝ պահանջելով իր հասանելիք արձակուրդայինը, բաց նամակ էր գրել Փաշինյանին․ «Եթե սույն բաց նամակին ծանոթանալիս տեղում կլինի անձամբ ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանը, ապա, ելնելով դրանից, պարզապես ստիպված եմ խնդրել թե՛ իրեն Հիսուս Քրիստոս եւ թե՛ Հռոմի պապ հռչակած անձանց՝ սույն բաց նամակը ստանալիս անպայման այն փոխանցել անձամբ ՀՀ վարչապետ պարոն Ն. Փաշինյանին»։

Խնդիրները ներկայացնելուց հետո պահեստազորի սպան բաց նամակն ամփոփել է․ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առջեւում Ամանորն է, եւ թե՛ Դուք եւ թե՛ Ձեր թիմակիցները միանշանակ հանրայնորեն հանդես եք գալու Ձեր, այսպես կոչված, նվաճումների գովաբանմամբ, հարկ եմ համարում հորդորել Ձեզ՝ հիշել եւ զուսպ մնալ ՀՀ ԶՈՒ զինծառայողներին առնչվող սոցիալական հարցերի առնչությամբ կամ առհասարակ ՀՀ ԶՈՒ առնչությամբ որեւէ նվաճման մասին բարձրաձայնելուց․․․ Չնայած նրան, որ ես դժվարությամբ եմ պատկերացնում այն, թե առկա խնդիրների ներքո Դուք եւ Ձեր թիմակիցներն ինչպես պետք է ուրախ եւ զվարթ կերպով նշեք Ամանորի տոնը, ինչպես Ձեզ մոտ պետք է կուլ գնա այն ուտեստը, որը դրված կլինի Ամանորի սեղանին, իսկ ես համոզված եմ, որ այն լինելու է Ձեր ամբողջ կյանքում աննախադեպ լի եւ բազմազան, թեեւ միգուցե Դուք բացարձակ մտահոգված չլինեք իմ կողմից նշված ՀՀ ԶՈՒ զինծառայողներին առնչվող հիմնահարցերով, քանի որ ի վերջո Դուք այլեւս չունեք բնակարանային կամ որեւէ այլ սոցիալական խնդիր, որոնք ունեն ՀՀ ԶՈՒ զինծառայողները, այնուամենայնիվ, մաղթում եմ Ձեզ ուրախ Նոր տարի»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել