168.am-ը գրում է.

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ 2019 թվականին Հայաստանի գործող իշխանության վարած քաղաքականությունում իրավունքի գերակայության սկզբունքը չի գործել:

«Դատական իշխանությունը հակված էր իրականացնել արդարադատություն, բայց գործադիր իշխանության ճնշումների ներքո դա չի կարողացել իրացնել: Չիրականացվեց լյուստրացիան: Այո՛, դատավորները եղել են նախկին ռեժիմի սպասարկուները, և նրանք պետք է ազատվեին այդ բեռից, որը օրենսդրորեն և քաղաքականապես տեղի չի ունեցել: Իսկ այն, ինչ կատարվում է հիմա, արտառոց է, թիրախավորվել է Սահմանադրական դատարանը, և այն պատճառով, որ ոչ ցանկալի որոշումներ է կայացրել մի քանի անգամ, չի բավարարել գործող իշխանության ցանկությունները: Եթե խոսվում է իշխանության յուրացման մասին, ապա այն այս պահին ևս յուրացված է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահի մեկնաբանությամբ՝ գործող Սահմանադրությունը իրական հանրաքվեով չի ընդունվել: «Մի քանի ուղղություններով տեղի է ունենում հարձակում, սկզբից դատավորներին առաջարկում են նահանջել, չեն կատարում, հետագայում որոշում են օրենսդիր մարմնի միջոցով կրկին ճնշում գործադրել. դատարանները շրջափակելու կոչը աջակցություն չի ստանում հանրության կողմից, որոշում են կաշառել դատավորներին, հատուկ օրենք են ընդունում, դա չի ստացվում՝ որոշում են քրեական գործ հարուցել, ճնշել ընտանիքի անդամներին: Միանշանակ պետք է փոխվի համակարգը, դատական համակարգը երկար տարիներ չի վայելել ժողովրդի վստահությունը, բայց եթե դա հատվածաբար, անձնավորված է տեղի ունենում, իրավաչափ չեն այս գործողությունները: Սահմանադրական դատարանն ունի լուրջ գործառույթ՝ քաղաքական փոփոխություններ մտցնելու հնարավորություն: Հիմա այդ գործառույթը պետք է խոչընդոտվի, որը կապված է ներքին և արտաքին քաղաքականության հետ: Հրայր Թովմասյանը հրաժարվել է սպասարկել քաղաքականությունը, որն այսօր իրականացնում են, ասել է՝ պատվերներ չի կատարելու, հիմա այս անձը պետք է ենթարկվի հետապնդման»,- հավելեց նա:

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել