Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում ոստիկանության Աշատարկի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի քաղաքային գերեզմանոցում կրակոցներ են հնչել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Վահան Աղգաշյանի, վարչությա պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են Աշտարակ քաղաքի Լինչի փողոցի բնակիչ, 52-ամյա Սամվել Պապյանի դին, իսկ նշված վայրից Աշտարակի բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ազդոսկրի դիստալ մետաէպիֆիզի, ձախ ոլոքի պարոքսիմալ մետաէպիֆիզի ներհոդային բաց հրազենային կոտրված» վնասվածքով Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 34-ամյա Հակոբ Փայամջյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, վարչութան պետի տեղակալլ Գագիկ Առաքելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել են նաև Արագածոտնի մարզի դատախազ Սարգիս Մնացականյանն ու դատախազի տեղակալ Գագիկ Հարությունյանը:

Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են «ՏՈԶ-34» տիպի 12մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացան, որի վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Սպանվածն ու վիրավորը բարեկամներ են: Սպանվածը Աշտարակում հայտնի է «Պլոտնիկ Հակոբ» մականվամբ, վիրավորը աշխատում է Աշտարակում գործող «Լիլի Դենտ» ՍՊԸ-ում՝ որպես ատամնաբույժ և, ըստ նախնական տեղեկություների, գումարային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Ս. Պապյանը 2 անգամ կրակոցներէ արձակել Հ. Փայամջյանի ուղղությամբ, որից հետո նույն հրացանով ինքնասպան է եղել:

Դեպքի վայրում հայտնաբերվել է նաև մահացածին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 36 NF 942 համարանիշի ավտոմեքենան:

Տեղում աշխատել են նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության փորձաքրեագիտական բաժնի փորձաքրեագետները:

Քննչական աշխատանքները ղեկավարող ՀԿԳ ավագ քննիչ Կ. Կարապետյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային:

Քննիչի որոշմամբ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպավող հատուկ տարածք:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Աշտարակ» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել