168.am-ը գրում է.

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին և ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրենքին, նշեց, թե բազմիցս հայտարարվել է, որ որևէ անձ չունի երաշխիք, որ ինքը չի հետապնդվելու քրեական դատավարության սահմանված կարգով, քանի որ այսօր Հայաստանում կան շատ նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում:

«Եթե կա կոռուպցիոն գործ, անկախ այն հանգամանքից, թե այն ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռի որոշ անձանց, ինչ կլինի, բնականաբար, քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետ: Եթե այսօր չլիներ, այլ լիներ մեկ շաբաթ առաջ՝ կասեին, որ այս ամենը կապված է ԱԺ-ում ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագծի քննարկման հետ, կամ, եթե լիներ հունվարին՝ կասեին՝ քանի որ օրենքն արդեն ուժի մեջ է մտել, դրա հետ է կապված: Այսինքն՝ միշտ էլ կարելի է զուգահեռներ տանել: Եթե նայեք, թե այսօր որքան պաշտոնատար անձ է անցնում տարբեր քրեական գործերով, կարծում եմ՝ այս խոսակցությունները կարելի է որակել՝ որպես շահարկումներ»,- նշեց Ռուստամ Բադասյանը:

Ըստ նրա՝ որքանով տեղյակ է՝ Հրայր Թովմասյանի դեմ հարուցված գործը չի բխում դատավորի կարգավիճակում եղած ժամանակահատվածից, այլ նրա Արդարադատության նախարար եղած ժամանակահատվածին է վերաբերում, երբ թույլ է տրվել ենթադրյալ ինչ-որ չարաշահումներ:

«Եթե այն է, ինչի մասին ես ասացի, այս դեպքում անձեռնմխելիության մասին խոսք լինել չի կարող, և ՍԴ-ի թույլտվություն չի պահանջվում»,- հավելեց նա:

Անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը, որ Սահմանադրական դատարանի որևէ դատավոր չի պատրաստվում գնալ վաղաժամ թոշակի, Ռուստամ Բադասյանը նշեց.

«Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում ՍԴ դատավորների վրա: Մենք որևէ բան չենք անում, որևէ մեկին չեն ստիպելու դիմի վաղ կենսաթոշակի, բայց նման հայտարությունները, արդեն ասացի, թե ինչ շրջանակներում է տեղավորվում: Մենք պետք է ունենանք ՍԴ, որն անկախ է ոչ միայն՝ օրենսդիր և գործադիր իշխանությունից, այլև՝ տարբեր շրջանակներից: ՍԴ-ն երբեք չի կարող երկրում լինել ընդդիմություն»:

Հիշեցնենք, որ այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել՝ լիազորությունները չարաշահելու մասով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել