Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին ՍԴ բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը՝ վկայակոչելով տեղեկություններ։ 

«Արդեն շատ ավելի հստակ է դառնում այս ամբողջ պրոցեսը: ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելը՝ կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո (ՍԴ անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու մասին օրենք - Tert.am): Եթե որևէ մեկը այս երկրում կարծում է, որ այս օրենքը, բոլոր գործընթացները և Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այս մոտեցումը»,- ասաց Մելիքյանը և հավելեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը որոշակի ժամանակահատված՝ մինչև նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելը, օժտված է եղել ընդհանուր անձեռնմխելիությամբ, պետք է հասկանալ՝ այն հետադարձ ուժ ունի՞, թե՞ ոչ:

Ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության հարցին, նա նշեց, որ գործող Սահմանադրությունը նախատեսում է գործառույթային անձեռնմխելիություն:

«Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակ ձեռք է բերել դեռ այն ժամանակ, երբ գործում էր նախորդ Սահմանադրությամբ ամրագրված ընդհանուր անձեռնմխելիության սկզբունքը, և շատ իրավաբաններ այն կարծիքին են, որ եթե անձը նույնիսկ մեկ օր օժտված է եղել ընդհանուր անձեռնմխելիությամբ, այն պետք է տարածվի ամբողջ ժամանակահատվածի համար»,- ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը նշեց, որ այս պատմության հետ կապված հետևանքները «Իմ քայլի» հետ նաև ՀՀ նախագահն է կիսում:

Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվում է, իսկ ՍԴ դատարանի բակում հավաքվել են մի խումբ մարդիկ՝ աջակցելու ՍԴ նախագահին։ Նշենք, որ դեռևս պարզ չէ՝ ինչ գործի շրջանակում է հարցաքննվում ՍԴ նախագահը։

Հիշեցնենք նաև, որ երեկ մամուլը գրել էր, ՀՔԾ-ն խուզարկություն է իրականացնում Սահմանադրական դատարանում: Tert.am-ի հետ զրույցում ՀՔԾ-ից հայտնել էին, որ ՀՔԾ քննիչը ՍԴ-ում խուզարկություն չի իրականացրել, այլ մանրամասներ չէին հայտնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել