168.am-ը գրում է․

«Զինվոր» հ/կ համակարգող խորհուրդն իր պաշտոնական թերթիկով մոտավորապես երկու շաբաթ առաջ նամակ էր հանձնել վարչապետին՝ զոհված զինծառայողների ընտանիքների պահանջների վերաբերյալ, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել։

Նշենք, որ Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողների  ընտանիքները Կառավարությունից աջակցություն են ակնկալում, այնպես, ինչպես Կառավարությունն աջակցեց Մարտի 1-ի ողբերգական դեպքերի զոհերի ընտանիքներին։

Օրերս զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն այցելել էին նաև Եռաբլուր, այնտեղից ևս իրենց պահանջը ներկայացրեցին Կառավարությանը և հայտարարեցին, որ պատկան մարմինները, որոնք չեն լսում իրենց խնդրանքները և պահանջները, այլևս իրավունք չունեն այցելելու Եռաբլուր և հարգանքի տուրք մատուցելու զոհվածներին։

168.am-ի հետ զրույցում «Մեզ բացակա չդնեք» հ/կ ղեկավար Սաթենիկ Խլղաթյանը նշեց, որ իրենց այդ հայտարարությունը կապված է Կառավարության կողմից իրենց նկատմամբ ցուցաբերած մոտեցման հետ, քանի որ պատկան մարմինները կարող էին գոնե իրենց հարգել և ասել, որ ունեն ֆինանսական և այլ խնդիրներ, ուստի չեն կարող այս պահին լուծել իրենց խնդիրը։

«Կարող էին գոնե մեզ բացասական պատասխան տալ, չէ՞ որ խոսքը զոհվածների մասին է, պետության իսկական տերերի։ Պետության լիիրավ տերերն այդ տղաներն են, այլ ոչ թե այսօրվա Կառավարության փափուկ աթոռներին նստած պաշտոնյաները։ Այդ աթոռները նրանց տրվել են մեր որդիների արյան գնի հաշվին։ Կարծում եմ՝ այս ամենը Կառավարության կողմից մեր հանդեպ արհամարհանք է»,- ասաց Սաթենիկ Խլղաթյանը։

Հարցին՝ իրավունք ունե՞ք արգելելու Կառավարության անդամներին այցելելու Եռաբլուր, մեր զրուցակիցը պատասխանեց, որ իրենց այդ հայտարարության համար քննադատում են, թե ինչ իրավունքով են նման հայտարարություն անում, բայց միևնույն է՝ նման քննադատություններ չեն նկատում։

«Վարչապետի հասցեին էլ են շատ քննադատություններ անում, հիմա ի՞նչ, պետք է չաշխատի՞ կառավարությունում։ Այդ քննադատողները վարձու բանվորներ են, որոնք սպասում են՝ մի խոսք ասենք, սկսեն քննադատել, մենք առհասարակ այդ ամենը չենք նկատում։ Մեր պահանջն արդար է, և մենք շարունակելու ենք ներկայացնել մեր խնդիրը»,- նշեց Ս. Խլղաթյանը։

Ինչ վերաբերում է իրենց նամակին, Սաթենիկ Խլղաթյանն ասաց, որ վարչապետի օգնականն իրենց հեռախոսազրույցի միջոցով տեղեկացրել է, որ Կառավարությունը դեռ պատասխան չունի, մինչդեռ իրենց ասել էին, որ 5-օրյա ժամկետում իրենց նամակին կպատասխանեն։

Նա նաև հավելեց, որ շարունակելու են պայքարը, սակայն այս պահին հետագա քայլերի մասին չեն բարձրաձայնի, երբ դրանք հստակ լինեն՝ կտեղեկացնեն բոլորին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել