«Թուրքական հոսք» նոր արտահանական խողովակաշարով ռուսական գազի մատակարարումները կսկսվեն արդեն մի քանի օրից: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը՝ ելույթ ունենալով նախամանորյա սելեկտորային խորհրդակցությանը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:

«Թուրքական հոսքի» հանդիսավոր բացման արարողությունը, ինչպես սպասվում է, տեղի կունենա հունվարի 8-ին Ստամբուլում՝ երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ:

«Մի քանի օր հետո մենք ձեզ հետ կսկսենք գազի մատակարարումները «Թուրքական հոսք» ծովային գազատարով և առջևում ունենք «Հյուսիսային հոսք-2»-ի շինարարության ավարտումը»,- ասել է Միլլերը, որի խոսքը մեջբերում է ընկերության մամուլի ծառայությունը: «Նոր ծովային մայրուղիները կմեծացնեն եվրոպական տարածաշրջանի էներգետիկ անվտանգությունը: Եվ Եվրոպային կօգնեն իրագործելու բնապահպանական նպատակները»,-հավելել է նա: «Թուրքական հոսքը» բաղկացած է երկու ուղեգծից՝ յուրաքանչյուրը ծովային հատվածում 15,75-ական միլիարդ խորանարդ մետր հզորությամբ:

Առաջինը նախատեսված է Թուրքիայի սպառողներին մատակարարելու համար, երկրորդը՝ Հարավային և Հարավարևելյան Եվրոպայի երկրների գազամատակարարման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել