Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ ՝ քննարկելու «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նրա խոսքով՝ այս քրեական գործով առայսօր որևէ տեղեկատվություն չեն ստացել քննիչից, թե կենկրեը ինչ է արել Արմեն Թավադյանը։

«Հիմքեր նշված չեն։ Մեկ անձի ինչ-որ ցուցմունքներ են կիսատ-պռատ ներկայացված, ընդ որում՝ ցուցմունքի մի մասը փակված է, մյուս մասը՝ ոչ։ Դրա մասին առարկություն ներկայացրեցինք դատարանին, որ այս որակի նյութով չի կարելի անձին կալանավորել»,- ասաց Խուդոյանը՝ նշելով, որ կան անթույլատրելի ապացույցներ, որոնք չի հրապարակի՝ ելնելով նախաքննության գաղտնիքից։

«Քննիչն իր կողմից կազմած փաստաթուղթը բերել և ներկայացրել է որպես հիմք։Որևէ ռեալ ապացույց չի ներկայացվել, որը կարող է հիմք հանդիսանալ»,- ասաց Խուդոյանը՝ հավելելով, որ առաջադրված մեղադրանքը որևէ կերպ չունի իրավական հիմնավորում, քանի որ ապացույց չկա, որ այդ անձին որևէ մեկը կաշառել է։

Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով տուժողներին կաշառք առաջարկելու մեջ կասկածվող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով:

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այսինքն՝ ըստ նախաքննական մարմնի «Մարտի 1»-ի գործով տվյալ տուժողին ենթադրյալ կաշառելը կազմակերպված բնույթ է կրել եւ ոչ թե կոնկրետ ենթադրյալ աջակցի նախաձեռնությունն է եղել։

Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկի ձերբակալությունը:

Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ երկու տարի շարունակ պնդել են, որ նպատակ չունեն գործի քննությանը խոչընդոտելու և ոչ էլ ցուցմունք կա, որը ցանկություն են ունեցել փոխելու։ Անդրադառնալով ոստիկանության տարածած տեսանյութին՝ նա նշել է երկու տարբերակ՝ կամ աջակիցն է երեք ամիս առաջ հայտնվել հատուկ նպատակով կամ էլ նրա մուտ ուղարկված մարդը։ Այսինքն՝ երկու դեպքում էլ նա նշել էր, որ դա կազմակերպված է եղել իշխանությունների կողմից։

«Աբսուրդ է, որ նման բան անի մի մարդ, ում ճանաչում ենք երեք ամիս»,- հայտարարել է Լեւոն Քոչարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել