Ermenihaber.am-ը գրում է.

Պենտագոնը հայտարարել է, որ Թուրքիայում տեղակայված ամերիկյան Ինջիրլիք ռազմաբազայում մեծամաշտաբ արդիականացման (մոդեռնիզացիա) ու վերակառուցման աշխատանքներ կսկսվեն։ ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնակայքում հրապարակված հայտարարության համաձայն՝ նշված աշխատանքների իրականացումը հանձնարարվել է 8 թուրքական ընկերությունների։

Նախատեսվում է 94 մլն դոլար ընդհանուր արժողությամբ նախագիծը ավարտին հասցնել 2024թ․ դեկտեմբերի 31-ին։ Աշխատանքները ստանձնած թուրքական ընկերությունները տեղակայված են Ստամբուլում, Ադանայում և Անկարայում։

Ուշագրավ է, որ Պենտագոնը նման հայտարարություն է արել գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Էրդողանը Կոնգրեսում հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևի և Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառման նախագծի պատճառով սպառնացել էր ամերիկյան զորքերի համար փակել Ինջիրլիք և Քյուրեջիք ռազմաբազաները։

Նշենք, որ Ինջիրլիքի վերակառուցման և արդիականացման ծրագիրն առանձին հոդվածով տեղ էր գտել ԱՄՆ-ի 2020թ․ «Ազգային պաշտպանության թույլատրման» նախագծում։ Նախագահ Դոնալդ Թրամփը այդ փաստաթուղթը ստորագրել է դեկտեմբերի 20-ին, որից հետո այն օրենքի ուժ է ստացել։


Ադանա քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Ինջիրլիքի ռազմաբազան գործում է 1955 թվականի փետրվարի 15-ից։ Ռազմաբազան կառուցելու որոշումը կայացվել էր 1943թ., սակայն աշխատանքները սկսվեցին միայն  Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

Ինջիրլիքի օգտագործման իրավական խնդիրները կարգավորվում են 1980 թվականի մարտի 29-ին ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով։ Բազան շահագործվում է Թուրքիայի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել