168.am-ը գրում է.

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանը, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ էին իրավապահները փնտրում իր տանը, ասել էր. «Փաստաթղթեր էին փնտրում: Փաստաթղթերի առգրավման ժամանակ իմ փաստաբանի հետ հակասություններ են եղել, կարող է նման բան, բայց իրենց կոռեկտության համար ես իրենց որևէ բան չեմ կարող ասել»:

Ճշտող հարցին, թե Ֆեդերացիայի հե՞տ կապված փաստաթղթեր էին փնտրում, թե՞ առհասարակ, հնչել էր պատասխան՝ Ֆեդերացիայի կողմից կատարված շինարարական աշխատանքների հետ կապված փաստաթղթեր:

168.am-ը Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հակասություններ են ունեցել իրավապահներն իր հետ փաստաթղթերի առգրավման ժամանակ, ի՞նչ խնդիր է եղել:

«Մեր անհամաձայնությունը կապված էր այն բանի հետ, որ իրավապահները առգրավել են նաև այնպիսի փաստաթղթեր, որոնք որևէ կապ չունեն հարուցված քրեական գործի, այսինքն՝ ՀՖՖ-ի ու «Զեյթունի կահույքի ֆաբրիկա» ՓԲԸ-ի հետ»,- ասաց Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ միջնորդություն են ներկայացրել այդ փաստաթղթերը վերադարձնելու մասով:

Վերջինս նշում է, սակայն, որ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված, միջնորդության՝ 5-օրյա ժամկետում քննելու ժամկետը լրացել է, սակայն իրենք դեռ որևէ պատասխան չեն ստացել:

Ամրամ Մակինյանը ասաց նաև, որ 2 օր առաջ գրություն են ուղղել Քննչական կոմիտե՝ միջնորդությամբ հանձնարարել ձեռնպահ մնալ այնպիսի հրապարակային հայտարարություններ անելուց, որով ակնհայտորեն խախտվում է անձի անմեղության կանխավարկածը և վնասում բարի համբավը:

Խոսքը Ռուբեն Հայրապետյանին վերաբերող հայտարարությունների մասին է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել