Hraparak.am-ը գրում է.

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ավագանու այսօրվա նիստին անդրադարձավ Կենտրոնի նորանշանակ թաղապետ Ավետ Պողոսյանի՝ վերջերս տված հարցազրույցին, որտեղ խոսել էր նաեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության մասին։ Մինչ ելույթը Պողոսյանի շուրջ կառուցելը, Խաժակյանը շնորհավորեց Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարին՝ ամենաբարձր վարկանիշն ունենալու համար, ապա ընդգծեց, որ դա աշխատանքի շնորհիվ է։

«Պարոն Ավետ Պողոսյանը նշանակվելուց անմիջապես հետո հյուրընկալվեց հեռուստահարցազրույցի։ Բառացի մեջբերում եմ պարոն Պողոսյանի խոսքը․ «Զարմանալին այն  է, որ 2018-ի քաղաքական պրոցեսները մեր հասարակության բոլոր խմբերին պետք է ազատագրած լիներ այն ստիպողականությունից, որ իրենց սահամանափակեր ինչ-որ սահմանների մեջ, այդ թվում՝ կուսակցություններին, բայց ինչպես տեսնում ենք, որոշ կուսակցություններ սովոր չեն ազատությանը եւ սովոր են, երբ իրենց ուղղորդում են․․․․Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», այն տոնայնությունը, որով խոսում են ավագանու անդամները,«Լուսավոր Հայաստանին» պատիվ չի բերում։ Ես պարզ ասեմ՝ մենք բոլոր լեզուներով խոսակցությունների պատրաստ ենք՝ Երեւանի ժարգոնից սկսած՝ քաղաքագիտական վերլուծությամբ վերջացրած։ Եթե փորձեն վնասել իշխանություններին, իրենց կարծիքով՝ քաղաքապետարանին, իրենց ուղղորդողների դեպքում թարս աճեցին բույսերը․․․ հակառակ դեպքում թող բացատրեն քաղաքական նպատակահարմարությունը որն է»։ Ես հիշեցի ընդդիմադիր Փաշինյանի ելույթներից մեկը, որը մեջբերում եմ բառացի. «Դուք եկել եք այստեղ, հանդուգն եւ լկտիության հետ սահմանակցող հայտարարություններ եք անում պատգամավորների հասցեին, տվյալ դեպքում՝ ավագանու անդամների հասցեին, դուք Ձեզ ի՞նչ եք թույլ տալիս։ Բայց անկեղծ ասած, ես Ձեզ հետ բանավեճ չունեմ, որովհետեւ Դուք չափացանց փոքր Ֆիգուր եք Ձեր հետ բանավեճի մեջ մտնելու համար։ Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, էնպես որ Ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտքի տակ չընկնել»։ Պարոն Պողոսյան, ես ընդդիմադիր Փաշինյանի արտահայտած խոսքերին, այդ կոնտեքստում, ավելացնելու ոչինչ չունեմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել