Shamshyan.com-ը գրում է․

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 16։40-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են MAN մակնիշի 956 AR 61 համարանիշի և Renault Logan մակնիշի 34 MՍ 015 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Logan-ը, որն այդ պահին հեղուկ գազ լիցքավորելիս է եղել, վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ MAN բեռնատարը կողաշրջվել է։

Մեկ հոգի տեղում մահացել է, իսկ 3 հոգի տեղափոխվել են՝ 2-ը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», 1-ը՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատը՝ Վարազդատ Սեդրակյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ։

Այս պահին տեղում ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի մեծ թվով ծառայողներ՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյակի գլխավորությամբ։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։

Պատահարի հետևանքով փլուզվել է «Ստարտ Օիլ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի գազալցակայանի պարիսպը (մոտ 15 քմ), իսկ բարձված գլանակները դուրս են թափվել բեռնատարի թափքից և գլորվել «Renault Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդի վրա, ով տեղում մահացել է:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների և մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչև տաքսի Logan-ին բեռնատարի բախվելը, MAN-ը հետընթաց կատարելիս բախվել է մեկ այլ՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայի, և MAN-ի վարորդը ավտոմեքենայի մեջ չի եղել, և մեքենան ինքնաբերաբար է հետընթաց շարժվել։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել