Hraparak.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը դեռևս օգոստոսին հայտարարեց, որ Ամուլսարի ծրագիրը դադարեցնելու հիմքեր չկան և ճանապարհները պետք է բացվեն: Դրանից անցել է 4 ամիս։ Բարձրացված աղմուկից, հանրային մեծ արձագանքից հետո վարչապետն, ըստ էության, հետ կանգնեց իր խոսքերից եւ չկարողացավ ի կատար ածել կառավարության որոշումը: Վերլուծական շրջանակներում կոնվենցիոնալ բացատրությունը մնաց, որ Փաշինյանը վախեցավ հանրային կարծիքից, քանի որ այն մեծամասամբ դեմ է Ամուլսարի շահագործմանը: Նախօրեին, սակայն, հրապարակվեցին GALLUP International association-ի սոցիոլոգիական հարցումերը, որոնք ի հայտ են բերում մի պատկեր, ըստ որի՝ հանրության մեջ չկա միանշանակ վերաբերմունք Ամուլսարի հանքավայրի շահագործման նկատմամբ։

Թվում էր թե, Ամուլսարի դեմ ակտիվիստական տարբեր խմբերի արշավի, արդեն մեկ տարուց ավելի փակ ճանապարհների ու, ըստ էության, դե ֆակտո գրեթե կասեցված ծրագրի պարագայում հանրային կարծիքը պետք է միանշանակ դեմ լիներ ծրագրի վերսկսմանը: Համենայն դեպս այդպես են պնդում ակտիվիստները, և դա է, թվում է, թե իշխանության կամուկացի հիմնական պատճառը: Նրանք ուզում են բացել Ամուլսարի ճանապարհը, բայց վախենում են հանրության մեծամասնության կարիքից: Բայց ահա այս սոցիոլոգիական հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Ամուլսարին միանշանական դեմ տրամադրւթյուններ չկան ու կարծիքները լավագույն դեպքում կիսվում են: Ահա հատված սոցիոլոգիական հետազոտությունից․հարց․ «Երկար քննարկումներից և հետազոտություններից հետո ՀՀ վարչապետ Ն․Փաշինյանը հայտարարեց, որ չկա որևիցե հիմք, որպեսզի Ամուլսարի հանքը փակվի, հետևաբար, այն շահագործվելու է, և շուտով շինաշխատանքները կվերսկսվեն, ինչպես եք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի այս որոշմանը»։ 

Պատասխանները հետևյալն են․ Նիկոլ Փաշինյանի որոշմանը միանշանակ դրական է վերաբերվում՝ 16,0%, ավելի շուտ դրական՝ 26,7%։ Որոշման հետ համաձայն չեն և ավելի շուտ բացասական վերաբերմունք ունեն՝ 19,1 %, միանշանակ բացասական՝ 20,8%, դժվարանում են պատասխանել՝17,5%։  Միանշանակ դրական և ավելի շուտ դրական պատասխանների հանրագումարն է 42,7%, միանշանակ բացասական և ավելի շուտ բացասկան պատասխանները՝ 39,9 %։

Իսկ 17,5%, որոնք դժվարացել են պատասխանել ակնհայտորեն չունեն հստակ վերաբերմունք, նրանց ավելի շուտ կարելի է դասել խնդրի նկատմամբ անտարբեր մարդկանց շարքին, որոնք ևս հանրության մեջ քիչ չեն։ Սա խոսում է այն մասին, որ խնդիրը հանրության մի մեծ հատվածի հետաքրքրությունների շրջանակից դուրս է։

Այս հետազոտությունը, մեծ հաշվով, բացահայտում է հետևյալ պատկերը․ որոշմանը տարբեր աստիճանի բացասական վերաբերմունքը կազմում է 39,9%, իսկ շահագործմանը դեմ վերաբերմունք չի հայտնել 60․2%-ը, որից 42%-ը կողմ։ Իհարկե նման հնչեղության ու նման ակտիվ բնապահպանական քարոզչության թիրախ դարձած ծրագրի դեպքում զարմանալի չէ, որ հարցվածների մոտ 40 տոկոսը դեմ է շահագործմանը, զարմանալի է, որ չնայած այսքան աղմուկին, ընդամենը 42%-ն կողմ է: Ու զարմանալի է նաև, որ կառավարությունը, միևնույն է, չի կարողանում որոշում կայացնել: Չէ որ կառավարության ֆունկցիան հենց նման իրավիճակներում որոշում կայացնելն է: Ու այս հարցումը ցույց է տալիս, որ չի կարողանում, բոլորովին ոչ «ազգի» ցանկություններին հագուրդ տալով, քանի որ «ազգի» տեսակետները առնվազն կիսված են: Մնում է ենթադրել, որ խնդիրը ոչ թե հանության, այլ հանրության՝ իշխանության համար առավել մտերիմ շրջանակների կարծիքն է: Ամուլսարի շահագործմանը ակտիվ դեմ են, օրինակ, Սասնա Ծռերը, հեղափոխությանը մասնակցած տարբեր ակտիվիստական շրջանակները, Սորոսական թևը, Իմ Քայլի մոտ մեկ տասնյակ պատգամավորներ: 

Այնպես որ հարկ է ևս մեկ անգամ փաստել, որ իշխանությունը իր որոշումները հիմնում է ոչ թե հանրության տրամադրությունների, ոչ թե նույնիսկ պետական շահի, այլ իր նեղ շրջապատի կասկածելի տրամադրությունների վրա, նույնիսկ երբ դրանք կարող են հանգեցնել երկրի համար լուրջ խնդիրների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել