Pastinfo.am-ը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ալեքսան Պետրոսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել գլխավոր դատախազին՝ Ալեքսան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Ալեքսան Պետրոսյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ներկայացրել են նաև բողոք՝ Ալեքսան Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ. «Այս պահին ուղղակի անձի ազատության հարցն է։ Դատախազությունը չի բողոքարկել առաջին ատյանի դատական ակտը, որով արձանագրվել էր նախաքննությանը խոչընդոտելու ընդամենը մեկ հիմք։ Այժմ նախաքննությունն ավարտված է, ուստի խնդրել ենք վերացնել խափանման միջոց կալանքը։ Գլխավոր դատախազին խնդրել ենք վեր կանգնել տարբեր ասեկոսեներից և առաջնորդվել օրենքով։ Ցանկացած որոշում կայացնելու դեպքում՝ այսինքն մեղադրական եզրակացությունը հաստատելու կամ լրացուցիչ նախաքննության ուղարկելու դեպքում, քննարկման առարկա դարձնել անձի խափանման միջոցի հարցը և վերացնել կալանքը»,-ասա Միհրան Պողոսյանը՝ ընդգծելով, որ եթե անգամ մեղադրական եզրակացությունը հաստատվի և ուղարկվի դատարան, ապա իրենք պատրաստ են հիմնավորել, որ ներկայացվածն անհիմն մեղադրանք է։

Միհրան Պողոսյանը նկատեց՝ ՀՔԾ-ն իր բողոքների քննությունը հետաձգելու մարտավարություն ուներ, բայց արագացված տեմպերով, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, նախաքննությունը տևեց մեկ ամիս։ Դեկտեմբերի 13-ին հայտարարվել է նախաքննության ավարտ, իսկ պաշտպանը գործի նյութերին ծանոթանալու համար խնդրել է ընդամենը երկու օր. «Քրեական գործով մեզ համար որևէ նոր փաստ չկար։ Շատ ծավալուն գործ չէ։ Այսինքն առկա է ընդամենը մեկ փաստ, որը ՀՔԾ-ն այլ կերպ է մեկնաբանում, մենք էլ դրա վերաբերյալ մեր մեկնաբանություններն ենք ներկայացնում»,-հավելեց Միհրան Պողոսյանը։

Ավելի վաղ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ Ալեքսան Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Մեր տեղեկություններով՝ Ալեքսան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը կապ ունի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործի հետ, որտեղ առանցքային դերակատարը Սիլվա Համբարձումյանն է, նույն ինքը՝ «Շաքար Սիլվին»։

Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել