Երբ Կարեն Բեքարյանը կես տարուց ավել բոլոր հնարավոր ճանապարհներով զգուշացնում էր, որ ադրբեջանցիները ժամանակն արդյունավետ են օգտագործում և հակահայկական նոր նախագծեր են սաղմնավորում և գործարկում, ժողովրդի վարչապետի իշխանությունն ուղղակի անտեսում էր: Փաշինյանից սկսած մինչև ԱԳՆ և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակ զբաղված էին հյուսիսից մինչև հարավ, արևելքից մինչև արևմուտք հաճոյանալով և դա ներքին օգտագործման փիառ ակցիաների վերածելով: Այդ շոուներին օգտագործեցին նաև Արցախում քասթինգի դուրս եկած պոտենցիալ հաճախորդներին:

Խնդրեմ. Ադրբեջանն արդեն հասել է այնտեղ, որ նման քարոզական հոլովակներով Ռուսաստանի հարավում, որտեղ հոծ հայկական բնակչություն կա, արցախյան գոյամարտի մասնակիցները ներկայացվում են որպես ԱՄՆ ԿՀՎ ինստրուկտորների կողմից պատրաստված կազմակերպված հանցագործ բանդա, որոնք ներթափանցել են Ռուսաստան և ռուս ժողովրդին կեղեքելու համար հանցաշխարհում մրցակցում են օրենքով գողերի և այլ կազմակերպված հանցավոր խմբերի հետ: Հասկանո՞ւմ եք, չէ՞, մեզ բարեկամ ու դաշնակից ռուս ժողովրդի ինչ կոդերի վրա են խաղում՝ ԱՄՆ ԿՀՎ, հանցաշխարհ, թալան...

Եվ հիմա ազգովի ստիպված ենք «վայելել» Բաքվի տեղադրած այն ականների պայթյունները, որոնց տեղադրման մասին մասնագիտական գիտելիքներ ունեցողները հնարավոր տարբերակներով բարձրաձայնում և աղաղակում էին: Եթե Փաշինյանի իշխանությունը սրա դեմն առնել չի կարող, թող ազնիվ խոստովանի այդ մասին: Թող ասեն՝ անկարող ենք... Գոնե այդ ժամ կմոբիլիզացվենք ու գրագետ քայլերով վիճակը կշտկենք: Որովհետև շատ քիչ ժամանակի հարց է, երբ հայկական պետական անգործության պայմաններում Ադրբեջանն իրենով է անելու ռուսաստանյան մեդիադաշտը, սոցիալական ցանցերն ու հանրային կարծիք ստեղծելու գործում դոմինանտ դերակատարություն է ստանձնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել