Pastinfo.am-ը գրում է.

2019թ.-ը քաղաքական առումով Փաշինյանի և իշխող թիմի չիրականացված խոստումների, աբսուրդային հայտարարությունների և պետական ինստիտուտների վրա հարձակումների տարի էր։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստանի հանրապետական» կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ մեկ տարի առաջ ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովն ավարտեց իր աշխատանքները և արտահերթ ընտրությունների հիմնական շարժառիթն այն էր, որ ասում էին, թե նախկին իշխանությունները հնարավորություն չեն տալիս, որ երկիրը զարգանա, ներդրումներ լինեն, թռիչքային զարգացում լինի։

«Մեկ տարի անց ունենք չիրականացված խոստումներ։ Չկա ներգաղթ, ավելին, ըստ պաշտոնական տվյալների՝ շուրջ 12.000-ով պակասել է ՀՀ բնակչության թիվը։ Չկան ներդրումներ, և կրկին ըստ պաշտոնական տվյալների, 9 ամսվա ընթացքում շուրջ 60 մլն դոլարով կրճատվել են ներդրումները»,-ասաց Շարմազանովն ու ավելացրեց, որ Փաշինյանի նշած տնտեսական լուրջ հեղափոխությունը գոյություն չունի։

ՀՀԿ խոսնակի խոսքով, երբ իրենց ուժը թողել է իշխանությունը պետությունն ունեցել է 10,5 % տնտեսական աճ, իսկ այսօր Փաշինյանի կառավարության բյուջեում 4,9 % աճ է։

«Փաշինյանը խոստանում էր թռիչքային զարգացում, սակայն եթե 10,5-ից իջել են 4,9% կամ նույնիսկ 7% ինչպես հիմա իրենք են կանխատեսում, ապա որևէ թռիչքային զարգացման մասին հիմա խոսք լինել չի կարող։ Չկա մի ոլորտ, որտեղ ունենք թռիչքային զարգացում։ Տնտեսական հեղափոխությունը միֆ է։

Թռիչքային զարգացում ունենք նախարարների աշխատավարձերի բարձրացման առումով։ Փաշինյանի կառավարությունը, որը մինչ այս հայտարարում էր, որ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, հիմա այդ 3 մլն վարչապետներից թաքուն բարձրացնում է նախարարների աշխատավարձը»,-ասաց Շարմազանովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել