Operativ.am-ը գրում է.

Հարավային Կորեայի եւ Չինաստանի ղեկավարները հայտարարել են, որ հարաբերությունները լավացնելու հույս ունեն ԱՄՆ հակահրթիռային համակարգի (որը Պեկինը սպառնալիք է համարում) տեղակայման շուրջ տարաձայնություններից հետո։

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե-ինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ասել է, որ թեեւ կողմերը, գուցե, որոշ ժամանակ «միմյանց հանդեպ լավ չէին տրամադրված», նրանց ընդհանուր մշակույթը եւ պատմությունը թույլ չի տվել լիովին օտարանալ միմյանցից։

Մուն Չժե-ինը նշել է, որ Սեուլը բարձր է գնահատում այն դերը, որը Չինաստանը խաղացել է Փհենյանի հետ հարաբերությունների կարգավորման գործում, բայց ավելացրել է, որ «ներկա իրավիճակը, Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի միջեւ բանակցությունների փակուղին, անշուշտ, նպաստավոր չեն ոչ միայն Հարավային Կորեայի ու Չինաստանի, այլ նաեւ Հյուսիսային Կորեայի համար։ «Ես հույս ունեմ, որ մենք կշարունակենք սերտորեն համագործակցել, որպեսզի հնարավորությունները կարողանանք իրականացնել»,- ասել է նա։

Սի Ցզինպինը մտահոգություն է հայտնել Հյուսիսային Կորեայի եւ Միացյալ Նահանգների միջեւ լարվածության աճից՝ նրանց կոչ անելով պահպանել երկխոսության ազդակը։

«Կան շատ մարդիկ, ովքեր մտահոգ են իրավիճակի սրմամբ Կորեական թերակղզում»,- Սի Ցզինպինին մեջբերում է Հարավային Կորեայի նախագահի մամուլի քարտուղարը։ «Չինաստանը եւ Հարավային Կորեան պետք է հավաքեն ուժերը, որպեսզի օգնեն Հյուսիսային Կորեային եւ ԱՄՆ-ին պահել երկխոսության ազդակը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել