Operativ.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է հրաժարվել իր ապագա նախագահական թոշակից՝ հօգուտ նոր թոշակային բարեփոխմամբ նախատեսված «ունիվերսալ համակարգի»։ Միաժամանակ, թոշակային բարեփոխման դեմ գործադուլը շարունակվում է արդեն 2,5 շաբաթ, հայտնում է RFI-ը։

Նախկին նախագահների համար հատուկ թոշակը երաշխավորվում է 1955թ․ օրենքով։ Այն հավասարվում է գործող պետական խորհրդականի աշխատավարձին։ Ներկայում պետական խորհրդականի տարեկան աշխատավարձը կազմում է 75 000 եվրո։ Այսպիսով, նախկին նախագահները (Ֆրանսիայում հիմա երեքն են) ամսական ստանում են մոտ 6000 եվրո՝ հարկերը ներառյալ։ Դրան կարող են ավելացվել այլ գործունեությունից ստացվող վճարները։

«Էմանուել Մակրոնը հաստատում է, որ թոշակային համակարգի բարեփոխումը տարածվում է նաեւ իր վրա, եւ 2022թ․ իր մանդատի ժամկետը լրանալուց հետո ինքը չի ստանա այն գումարը, որը նախատեսված է 1955թ․ օրենքով»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։ Ելիսեյան պալատում նաեւ հստակեցրել են, որ Մակրոնը չի մասնակցի Սահմանադրական խորհրդին, որտեղ տեղ են ստանում երկրի բոլոր նախկին ղեկավարները։

Դեկտեմբերի 21-ին լրացավ Էմանուել Մակրոնի 42 ամյակը։ Ֆրանսիայի նախագահի հերթական ընտրությունները կանցկացվեն 2022թ․ գարնանը։ Մակրոնն իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար եւ ընտրվելու դեպքում կնախագահի մինչեւ 49 տարեկանը։

Մակրոնի կառավարության կողմից առաջադրված թոշակային բարեփոխումը նախատեսում է պարզեցնել Ֆրանսիայում գործող 42 հատուկ թոշակային ռեժիմները, որոնք մի շարք մասնագիտությունների ներկայացուցիչների թույլ են տվել իրենց կարիերան մնացածներից շուտ դադարեցնել։ Թոշակները կվճարվեն ոչ թե աշխատած եռամսյակներով, այլ բալերով, որ կհաշվարկվի յուրաքանչյուր այն եվրոյի համար, որն աշխատողը փոխանցել է թոշակային ֆոնդին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել