Pastinfo.am-ը գրում է․

Ես երբեք ակումբային շահեր չեմ ունեցել։ Ես սպասարկում եմ բոլոր ակումբներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանը֊։

Նա ընդգծեց՝ կան մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացումը, որակավորում ունեցող մարզիչների քանակի ավելացումը, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի ստեղծումը. «Պատրաստվում ենք հիմնադրամ և արհմիություն ստեղծել։ Բարդ է լինելու, բայց աշխատելու ենք վետերան ֆուտբոլիստների արհմիություն ստեղծելու ուղղությամբ։ Այն ամենը, ինչ արել ենք ամրագրված է ռազմավարության մեջ։ Առաջին հերթին դա ֆուտբոլ խաղացող մարդկանց ավելացումն է ՀՀ-ում, ֆուտբոլի տարբեր ձևերի տարածումը։ Օրինակ պետք է աշխատենք կույրերի ֆուտբոլը զարգացնելու ուղղությամբ»,-նշեց Արմեն Մելիքբեկյանը՝ ընդգծելով, որ փորձելու են իրականացնել այն, ինչ գրված է ռազմավարությունում։

Անդրադառնալով epress-ում ծավալած իր գործունեությանը և այն շահարկմանը, որ վերջինս կոչ է արել խուսափել ծառայությունից, Արմեն Մելիքբեկյանն արձագանքեց. «Դրանք ասում են այն մարդիկ, որոնք չեն պատկերացնում՝ ես ինչ եմ արել որպես քաղաքական լրագրող։ Գոյություն է ունեցել ապակոնտեքստավորում, այսինքն քաղաքական կոնտեքստից հանել են կտորներ և ինչ-որ կերպ օգտագործել։ Ես հարցազրույցներից մեկում ասել եմ՝ մեկ տարի աշխատել եմ ՀՖՖ-ում՝ նախագահի տեղակալի պաշտոնում։ Եթե որևէ կերպ այսպես կոչված «հակահայ» գործունեություն ծավալեի, չէի ծառայի որպես Արթուր Վանեցյանի տեղակալ, որը ԱԱԾ տնօրեն էր»,-նշեց ՀՖՖ նորընտիր նախագահը՝ վստահեցնելով, որ դրանք դատարկ շահարկումներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել