Pastinfo.am-ը գրում է.

Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը հնարավոր է լքի ՀԽ կազմը: Այս դեպքում, սակայն, պատճառը, ինչպես Կարինե Դանիելյանն ասաց «Փաստինֆո»-ի հետ զրույցում, տեխնիկական է եւ որեւէ կապ չունի այն խմորումների հետ, որոնք ընթանում են ՀԽ –ի ներսում կառույցի նոր նախագահի նշանակումից հետո:

«Ես խնդիր ունեմ աշխատել որպես հանձնաժողովի նախագահ, եթե հնարավոր լինի մնալ ՀԽ անդամ եւ չլինել հանձնաժողովի նախագահ, ես կմնամ, բայց հանձնաժողովի նախագահ լինելը դժվար է զուգակցել աշխատանքի հետ, ես Մանկավարժական համալսարանում ամբիոնի վարիչ եմ ժամանակի առումով շատ դժվար է համատեղել»-«Փաստինֆո»-ին ասաց Կարինե Դանիելյանը:

Հիշեցնենք, ՀԽ անդամներից առաջինը կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը լքեց կառույցը, երբ Վազգեն Մանուկյանի փոխարեն ՀԽ նախագահ նշանակվեց Ստյոպա Սաֆարյանը: ՀԽ-ից դուրս գալու մասին հայտարարեց նաեւ ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ լավ կլիներ, որպեսզի մինչեւ ՀԽ նախագահի նշանակումը վարչապետը հանդիպեր ՀԽ անդամների հետ եւ խորհրդակցեր: Հարցին, արդյո՞ք նա համապատասխանում է ՀԽ նախագահին ներկայացվող պահանջներին ՝ հաշվի առնելով նաեւ այն վերաբերմունքը, որ Ստյոպա Սաֆարյանը ցուցաբերել է այսպես ասած, ոչ յուրային որակվող լրատվամիջոցների նկատմամբ եւ այն բառապաշարն ու ոճը, որով նա Ֆեյսբուքում բանավեճերի է ներքաշվում՝ որպես կանոն պաշտպանելով իշխանությանը ցանկացած քննադատությունից, Կարինե Դանիելյանն ասաց. -«Խնդիրներ կան , բայց ես չեմ ուզում , որ մենք հենց սկզբից խոչընդոտենք իրեն աշխատել՝ վատ կանխատեսումներ անելով: Ժամանակը ցույց կտա, ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել ես լավ հարաբերություններ ունեմ Ստյոպա Սաֆարյանի հետ, ժամանակը ցույց կտա, որովհետեւ շատ սպեցիֆիկ դերակատարություն է այդտեղ: Ես շատ տխրում եմ, որ անընդհատ հայտարարություններ են անում, թե նախկինում Հանրային խորհուրդը չի գործել: Ախր դա բոլորովին այդպես չէ, հսկայական աշխատանք է տարվել, Վազգենը անընդհատ հանդիպում էր վարչապետի հետ, նախագահի հետ, այն բոլոր հարցերը, որ մենք չէինք կարողանում լուծել նախարարությունների ու կառավարության հետ, այդ հանդիպումների ժամանակ Վազգենը լուծում էր, մենք էինք հանդիպում պարբերաբար, միշտ հարցեր էինք բարձրացնում, միշտ բանավեճերի մեջ էինք ու այդպես միանգամից ասել, թե պարզ չէ՝ ինչ են արել, առհասարակ, պետք է, պետք չէ, վիրավորական է»:

Կարինե Դանիելյանը նման գնահատականները միտումնավոր է համարում ՝ համաձայնելով մեր այն դիտարկմանը, որ ՀԽ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը այսպես ասած հների հետ է ասոցացվում, ուստի, նրան իշխանամերձ շրջանակներն ամեն կերպ քննադատում են:

«Դա հասկանալի է՝ մերժել ամեն ինչ, ինչ որ եղել է, այդ կոնտեքստում եմ տեսնում խնդիրը, բայց դա սխալ եմ այդպես չի կարելի ՝ բոլորին միանգամից մերժել, ոչ ոք ոչինչ չի արել եւ այլն»-,-ասաց Կարինե Դանիելյանը:

Տիկին Դանիելյանը ցավ հայտնեց ՀԽ –ի կազմից հեռացած անդամների համար, ասաց, որ կառույցում լավ կազմ է հավաքվել եւ հույս հայտնեց, որ այն աշխատանքը, որն արվում էր , ոչ միայն կշարունակվի, այլեւ կզարգանա:

«Ես Վազգենին ճանաչում եմ շատ վաղուց՝ 88-ի շարժումից եւ միշտ շատ բարձր եմ գնահատել եւ հիմա էլ եմ շարունակում այդպես գնահատել: Ես, օրինակ, հանձնաժողովի նախագահ չէի ընտրվի, նա ինձ համոզեց եւ ես չէի կարող մերժել: Այս գործընթացները ես չեմ ցանկանում երկակի ստանդարտների կոնտեքստում տեսնել, ուզում եմ, որ եւ Վազգենը շարունակի, հիմա ինքը որպես ընդդիմություն է հանդես գալիս եւ շատ կարեւոր է, որ երկրում լինի գրագետ եւ ազնիվ ընդդիմություն եւ ուզում եմ, որ Հանրային խորհուրդը Ստեփանի ղեկավարությամբ նույնպես, նորմալ աշխատի»-մեզ հետ զրույցում շարունակեց Կարինե Դանիելյանը:

Անդրադառնալով իր ՝ ՀԽ-ում մնալ-չմնալու հարցին, նա ասաց՝ կամ պետք է ամբողջությամբ ազատ մարդ լինել կամ հանձնաժողովում ունենալ գոնե կես դրույքով վճարվող քարտուղար, որը կաջակցի աշխատանքներին:

«Դեռ որոշում չունեմ, Ստեփան Սաֆարյանի հետ կխորհրդակցեմ, եթե ելքը գտանք՝ լավ, եթե ոչ՝ ստիպված կլինեմ դուրս գալու, որովհետեւ կամ աշխատանքից պետք է դուրս գամ կամ այնտեղից»-եզրափակեց Կարինե Դանիելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել