Pastinfo.am-ը գրում է.

Հանրությանը պետք է պատրաստել պատերազմի, որովհետև հոգեբանորեն՝ տեղեկատվական տեսակետից, սպասվող իրադարձությունների տեսակետից հանրությունը չի տեսնում պատերազմի վտանգը։ Այս մասին «Ոսկանապատ» կենտրոնում քննարկմանը հայտարարել է տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները վստահեցնում են, որ Հայաստանում տեղի ունեցած գործընթացները ժողովրդավարության այնպիսի մակարդակի են հասցրել, որ նման երկրի վրա հարձակումը բացառված է ժամանակակից աշխարհում։ «Հենց դա են համարում անվտանգության հիմնական երաշխիքներից մեկը՝ ոչ՛ թե բանակը, ոչ թե տնտեսության զարգացումը»,- նշեց Մելիք-Շահնազարյանը։ Նրա խոսքով՝ այս տեսությանը բացի իշխանությունից որևէ մեկը չի կարող հավատալ և երկու տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանում կա հանրության մեծ զանգված, որը կուրորեն հավատում է Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչող ցանկացած խոսքի և վստահ է, որ Ադրբեջանը երբեք չի փորձի հարձակվել Արցախի վրա ։

«Եթե մենք նայենք Ադրբեջանի գործողություններին , կտեսնենք, որ վերջին 1.5 տարվա ընթացքում Ադրբեջանը պարբերաբար մեծ ռազմական զորավարժություններ է անցկացրել։ Ամեն ինչ արել է պատերազմին պատրաստվելու համար։ Պետք է ասել, որ ադրբեջանական կողմը ժամանակ չի կորցրել։ Նրանք աշխատել են թե՛ ռազմական կոմպոնենտի ուժեղացման ուղղությամբ, թե՛ դիվանագիտական արգելքները վերացնելու ուղղությամբ, թե ներքաղաքական պրոցեսները և վերադասավորումներ այնպես անելու ուղղությամբ, որ այդ պատերազմը հնարավոր լինի և Ադրբեջանը չունենա տհաճ անակնկալներ»,- նշեց քաղաքագետը։

Ըստ նրա՝ բանակցային գործընթացում ստեղծվել է մի իրավիճակ, որ միջազգային հանրությունը և միջնորդները խոսում են մեկ լեզվով, իսկ Հայաստանի իշխանությունները հայտնվել են այդ համագործակցության շրջանակներից դուրս, այսինքն՝ միջազգային հանրությունը հակադրվում է մեր պետական դիրքորոշմանը։ «Նրանք պարզապես օգտվել են այն փաստից, որ Հայաստանի նոր իշխանությունները գաղափար չունեն բանակցային գործընթացի տրամաբանությունից, այնտեղ գոյություն ունեցող վտանգներից և հնարավորություններից։ Առաջին հերթին Ադրբեջանը վերացրեց Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններով ստանձնած իր պարտավորությունները»,- նշեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել