Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ինքնաթիռները կբերվեն հաջորդ տարվա սկզբին։ Մատակարարն էլ տեղեկացնում է, որ ամեն ինչ իրականացվում է գործարքի շրջանակում։

Սու-30ՍՄ բազմաթիրախային ռուսական կործանիչների մատակարարումն իրականացվում է կնքված պայմանագրերի շրջանակում։ Sputnik Արմենիայի հարցման ի պատասխան հայտնեցին ռուսական «Միավորված ավիաշինարարական կորպորացիայից»։

Դեկտեմբերի 19-ին համացանցում հայտնվել էին Սու–30ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին կադրերը։ Դրանք արվել են Տոլմաչյովոյի օդանավակայանում (Նովոսիբիրսկ) միջանկյալ վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռների վրա երևում էր Հայաստանի ՌՕՈւ խորհրդանիշն ու «Հայաստան» գրությունը։

«Տեխնիկայի մատակարարումն իրականացվում է կնքված գործարքների համաձայն», -հայտնեցին «Միավորված ավիաշինարարական կորպորացիայի» մամուլի ծառայությունից ի պատասխան մատակարարման ժամկետների մասին Sputnik Արմենիայի հարցին։

Նշենք, որ Sputnik Արմենիա գործակալությունն առաջինն էր հայտնել կործանիչների մատակարարման պայմանագիր կնքելու մասին։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ավելի վաղ ասել էր, որ Ռուսաստանից գնած Սու-30 ՍՄ կործանիչները Հայաստան կհասնեն 2020թ.–ի հունվար-փետրվարին։ Հայտնի է նաև, որ Հայաստանը հետագայում մտադիր է ևս մի քանի նման ինքնաթիռ ձեռք բերել։

Ռուսաստանի «Միավորված ավիաշինարարական կորպորացիա» ԲԲԸ-ն ռուսական ավիաշինարարական կորպորացիա է, այն Եվրոպայի խոշորագույն ընկերություններից է։ Միավորում է Ռուսաստանի խոշոր ավիաշինարարական ընկերությունները, այդ թվում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսին են՝ «Սու», «ՄիԳ», «Իլ», «Յակ», SSJ, МС-21։



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել