Հայ պատմագրության հայր (պատմահայր, քերթողահայր): Նրա գլուխգործոցն է «Հայոց պատմություն» երկը:Ծնվել է Տաթև գավառի Խորոնք գյուղում 410թ.: Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: 20-25 տարեկանում մեկնել է Ալեքսանդրիա (Եգիպտոս)` կրթությունը շարունակելու: Վերադարձել է 440թ., իր ուսուցիչ Մ. Մաշտոցի մահից հետո:
ՙՀայոց պատմություն՚-ը գրել է 480-481թթ. հայ իշխան Սահակ Բագրատունու հանձնարարությամբ: «Հայոց պատմություն»-ը կազմված է երեք մասից: Առաջին գիրքը հիմնականում նվիրված է Հայոց առասպելական և իրական նախնիների` Հայկի, Արամի, Արա Գեղեցիկի, Տիգրանի, Վահագնի վիպական պատմություններին: Երկրորդ գիրքը սկսվում է Ալեքսանդր Մակեդոնացուարշավանքի հիշատակմամբ, ապա անցնում է Պարթևների թագավորության հարուստ պատմությանը, Հայաստանում Արշակունիների տիրապետության հաստատմանը, հասնում մինչև Ամենայն հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի և Տրդատ թագավորի գործունեությանը: Երրորդ գիրքն ընդգրկում է IV-V դարերի հայոց պատմությունը մինչև Ս. Պարթևի և Մ.Մաշտոցի գործունեությունը` Հայոց տառերի հայտնությունը և դրանց տարածումը, Արշակունիների թագավորության անկումը:
Խորենացին հայերի ծագումը կապել է Նոյի որդի Հաբեթի հետ, ազգաբանական հետևյալ հերթականությամբ` Հաբեթ - Գոմեր - Թորգոմ - Հայկ (հայերի նախնին) - Արմենակ - Արամայիս - Ամասիա - Գեղամ - Արամ - Արա Գեղեցիկ...
Խորենացին օգտագործել է հայերեն և օտար լեզուներով մի քանի տասնյակ սկզբնաղբյուրներ, ժողովրդական ավանդություններ, հնագիտական նյութեր, վիմագիր արձանագրություններ: Օգտագործած նյութերի հանդեպ ցուցաբերելով քննական վերաբերմունք և ամենուրեք արձանագրելով դրանց արժանահավատ լինել կան չլինելը` նշում է սկզբնաղբյուրը: «Հայոց պատմության» մեջ կան անգնահատելի տեղեկություններ հարևան և հեռավոր երկրների մասին: «Պատմությունը» դարեր շարունակ ծառայել է որպես պատմության դասագիրք մեր դպրոցների համար: «Հայոց պատմություն»-ը առաջին անգամ հրատարակվել է Ամստերդամում 1695թ.:
«Թեպետ մենք փոքր ազգ ենք և թվով շատ սահմանափակ ու զորությամբ թույլ և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել...» (Մովսես Խորենացի):
Մովսես Խորենացու արձանը դրվել է 1965թ. Մատենադարանի մոտ: Արձանի նյութը բազալտ է, բարձրությունը` 3,5 մ, քանդակագործ` Երեմ Վարդանյան:
Երեմ Վարդանյանը (1922-1985) ծնվել է Երևանում:
1941 թ. ավարտել է Փ. Թերլեմեզյանի անվան ԵԳՈՒ-ն: 1941-1945 թթ. մասնակցել է ՀՄՊ-ին: 1950 թ. ավարտել է Երևանի գեղարվեստական ինստիտուտի (ԵԳԻ) քանդակագործության բաժինը , որտեղ դասախոսել է 1951-ից: 1949-1956 թթ. դասավանդել է ԵԳՈՒ-ում, իսկ 1961-ից ԵԳԹԻ-ում: 1972 թ. ստացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարչի կոչում:
Նրա գործերից են`
- «Սպասում», գրանիտ, 1967թ., Դոնի Ռոստով (Ս. Խաչ եկեղեցի)
- «Ժ. Սրապյան», դիմաքանդակ, բրոնզ, 1972թ., Երևան
- «Ղ. Աղայան», կիսանդրի, բրոնզ, 1959թ., Երևան
- «Ն. Ստեփանյան», կիսանդրի, բազալտ, 1960թ., Ստեփանակերտ
Նյութի աղբյուր՝ http://nakhshkaryan.blogspot.com/2013/07/blog-post_6900.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



