Hraparak.am-ը գրում է.

Երեխաների առքուվաճառքի հետ կապված բացահայտումներից հետո տարբեր մարդիկ էին զանգահարել «Հրապարակի» խմբագրություն, նոր պատմություններ ներկայացրել։ Դրանց թվում ամենաաղմկահարույցը մահացած նորածինների դիերը ծնողներին չհանձնելու պահն է։ Եվ մեզ հետաքրքրեց, թե ինչպիսի ընթացակարգեր եւ օրենսդրություն գոյություն ունեն այս հարցում։ Ինչո՞վ են առաջնորդվում ծննդատներում, ի՞նչ են անում մահացած պտղի մարմնի հետ։

Առողջապահության նախարարությունից Լիլիթ Բաբախանյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան ներկայացրեց, որ այս դեպքերը կարգավորվում են համաձայն կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1082-Ն որոշման, ըստ որի՝ «Հիվանդանոցային հաստատություններում մահացած հիվանդների դիակները ենթակա են պարտադիր հերձման` բացառությամբ այն դեպքերի, երբ մահացածի ընտանիքի անդամները գրավոր հրաժարվում են հերձումից, կամ էլ դա մահացողի` կենդանության օրոք գրավոր ձեւակերպված կամքն է»։ Համաձայն նույն որոշման հավելվածի 5-րդ կետի դ) ենթակետի, «Հերձումից հրաժարվելն արգելվում է՝ դ. շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում»: Համաձայն նույն որոշման 9-րդ կետի՝ «Հերձումը կազմակերպվում է մահվանը հաջորդող 24 ժամվա, իսկ շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում՝ 12 ժամվա ընթացքում, բնական լուսավորության պայմաններում»։

Ըստ այդ որոշման պահանջների՝ ծնված եւ այնուհետեւ մահացած երեխայի հուղարկավորությունը կազմակերպվում է ծնողների կողմից` օրենքով սահմանված կարգով։ Սակայն վերջիններիս հրաժարվելու դեպքում, համաձայն առողջապահության նախարարի 2019 թ. հուլիսի 17-ի N 1961-Լ հրամանի 66-րդ կետի, «Դիահերձումից հետո նորածնի/պտղի դիակը վերցնելուց հրաժարվելու իրավունքի վերաբերյալ տեղեկացված լինելու մասին կատարվում է համապատասխան գրառում «Նորածնի վարման քարտի» մեջ եւ վավերացվում ծնողի (օրինական ներկայացուցչի) ստորագրությամբ` նշելով անունը, ազգանունը, հայրանունը, գրառման օրը, ամիսը, տարեթիվը»:
Այսինքն՝ բոլոր այն դեպքերը, երբ ծնողները պնդել են, իսկ բժիշկները չեն տվել նորածնի մարմինը, ապօրինի են։

Ինչ վերաբերում է պտղին կամ մահացած ծնված երեխային, ապա ըստ ԱՆ պատասխանի՝ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, «Մահացած ծնված երեխայի մահվան պետական գրանցում չի կատարվում», եւ մահացած ծնված երեխայի դիակը ծնողի կողմից չի կարող հուղարկավորվել օրենքով սահմանված կարգով։ Ինչպես նաեւ այն, որ պտղի դիակի ոչնչացման համար այլ կարգավորում նախատեսված չէ։ ԱՆ-ից պարզաբանել էին, որ նշված գործընթացն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարի 2008թ. մարտի 4-ի N 03-Ն հրամանով նախատեսված կարգավորումների ներքո:

Այդ կարգավորումը վերնագրված է՝ «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ եւ հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3-3 սանիտարական կանոնները եւ նորմերը։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել