Իմ տրամադրվածությունն այնպիսին է, որ քաղաքային խնդիրները կշարունակվեն բարձրաձայնվել, ես այս մասով ունեմ իմ կուսակցության լիարժեք սատարումը, իսկ դրա ֆորմատը կորոշվի երկուշաբթի օրը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԼՀԿ կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է տրամադրվածությունը՝ վա՞յր է դնելու ավագանու իր մանդատը, թե՞ ոչ:

Դիտարկմանը՝ նա իր ելույթներում, օրինակ, օգտագործել է «քուանշ, պարո՛ն քաղաքապետ» արտահայտությունը, դա քաղաքակիրթ պայքարի ձև՞ էր արդյոք, նա պատասխանեց. «Ես դրա մասին արդեն խոսել եմ, կուսակցությունում ինձ ամիսներ առաջ դրա համար նկատողություն են հայտնել, որ այդ արտահայտությունները գուցե չարժե կիրառել: Ես ընդունել եմ այդ նկատառումը և մի քանի ամսվա ելույթներում կարող եք լսել սուր քննադատություններ, բայց ոչ նման ձևակերպումներ: Ես ստացել եմ այդ արձագանքը և ընդունել եմ»:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նա երբևէ իր խմբակցության անդամներին հորդորե՞լ է ավելի մեղմ լինել, չանցնել անձնական դաշտ, Խաժակյանը պատասխանեց, որ իրենք մշտապես քննարկում են միմյանց ելույթները և դրանց արձագանքները: «Մեզ մոտ ընդհանրական է այդ տեսակետը, որ անձնական ձևակերպումներից պետք է զերծ մնալ. դեպք առ դեպք մեկս կարծում է, որ դա անձնական ձևակերպում էր, մյուսս՝ ոչ: Թող դրա գնահատականը տա հանրությունը, իհարկե, մենք քննարկում ունեցել ենք, և դա կլինի շարունակական»,- ասաց նա:

Հարցին էլ՝ Թեհմինա Վարդանյանի վերջին ելույթը որպես անձնական գնահատո՞ւմ է, Խաժակյանն ասաց. «Ես դա գնահատել եմ անձնական և տիկին Վարդանյանին՝ գործընկերոջս, ասել եմ: Տիկին Վարդանյանի վրդովմունքն արդարացիորեն այնքան շատ է, որ նա համարում է, որ դա համարժեք պատասխան էր, պարզապես հանրությունը պետք է իմանա, որ դա յուրովի մոտեցում է: Մեր մոտեցումն այլ է»:

Հիշեցնենք, որ ավագանու վերջին նիստին Թեհմինա Վարդանյանը հանդես էր եկել խիստ ելույթով քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ, ինչից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ հնարավոր է՝ Երևանի ավագանուց հետ կանչեն իրենց միակ անդամին՝ Դավիթ Խաժակյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել