Hraparak.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու աշակերտների ծնողները քիչ առաջ գտնվում էին կառավարության շենքի դիմաց և բողոքի ակցիա էին իրականացնում։

Ակցիայի մասնակիցների դժգոհությունը կապված է դպրոցի նոր տնօրենի՝ Շուշանիկ Ոսկանյանի նշանակման հետ։

Լրագրողների հետ զրույցում ծնողներից մեկը հայտնեց, որ արդեն 200 ծնող ստորագրել է, որպեսզի նորանշանակ տնօրենին ազատեն աշխատանքից։

«Եթե Շուշանիկ Ոսկանյանին չհեռացնեն, երեխաներին հանելու ենք այդ դպրոցից, տանենք ուրիշ դպրոց»,-ասաց ծնողներից մեկը։

Նշենք, որ Վաղարշապատի դպրոցում արդեն մի քանի օր է դասադուլ-գործադուլ է ընթանում։ Աշակերտներն ու նրանց ծնողները սպասում են մարզպետարանի պարզաբանմանը, թե ինչ հիմքով են 1 ձայն պակաս ստացած թեկնածուին նշանակել տնօրեն: 

Դեկտեմբերի 2-ին կրթական հաստատությունում իրականացված տնօրենի ընտրության մրցույթում նախկին տնօրեն Էսթեր Գալստյանը հավաքել է 4 ձայն, իսկ Շուշանիկ Ոսկանյանը՝ 3, սակայն նշանակվել է Ոսկանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել