Hraparak.am-ը գրում է.

Վարչապետի հանձնարարությունը՝ վերջնականապես արգելել աջ ղեկով մեքենաների ներկրումը Հայաստան՝ նույնիսկ ղեկը փոխելու դեպքում, իրարանցում է առաջացրել ավտոներկրողների շրջանում։  Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ կառավարության նիստում փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց խստացնել այս հարցը՝ արգելելով առհասարակ աջ ղեկով մեքենաների ներկրումը։ Նա այնքան հեռուն գնաց, որ առաջարկեց անգամ ղեկը փոխած տարբերակով էլ արգելել, քանզի ղեկը փոխած մեքենան իր հերթին կարող է անվտանգության տեսանկյունից խնդիրներ առաջացնել։ Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց Ավինյանին՝ այս հարցին վերջնական լուծում տալ։

«էս խմբաքանակն էլ դուրս է գալիս, եւ ընդհանրապես, փակում ենք էս կարգի ավտոմեքենաների ճանապարհը։ Թող նոր չբերեն, էլ չենք երկարացնելու։ Հենց հիմիկվանից խումբ ձեւավորեք, ասեք ամսաթիվը, թե երբվանից ենք փակում դա»,- հանձնարարեց վարչապետը։ Ու հիմա խառնաշփոթ է առաջացել նաեւ մաքսատներում, մաքսավորներն այս հայտարարությունից հետո սկսել են կամայականություններ դրսեւորել մեքենաները մաքսազերծելիս։ Ավտոներկրողներից մեկը երեկ մեզ տեղեկացրեց, որ իր աջ ղեկով մեքենան Գյումրու ավտոմաքսատանը որոշել են «հսկիչ գնով» մաքսազերծել, ոչ թե «ինվոյսով», ինչպես անում էին մինչ այդ։

Երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից նախ հետաքրքրվեցինք, թե ինչ եղավ վարչապետի հանձնարարությունը, ի՞նչ լուծում են որոշել տալ՝ ի՞նչ արգելք են սահմանելու աջ ղեկով մեքենաների ներկրման հարցում։ Անանյանն ասաց, որ վարչապետի հանձնարարականը ժամանակային սահմանափակում չունի, պարզապես կառավարության երեկվա նիստում կայացրած որոշմամբ ավելացում կատարեցին ԱՏԳ ապրանքների ցանկում, որ վերամշակում՝ հետո ազատ շրջանառության համար մաքսային ընթացակարգով կարող են այսուհետ աջ ղեկով մեքենաները ներկրվել Հայաստան։

Այսինքն՝ աջ ղեկով ներկրեն Հայաստան, ապա վեց ամսվա ընթացքում ղեկը փոխեն աջից ձախ, ապա նոր դրանք կարող են վերջնական մաքսազերծվել եւ հաշվառվել։ Այդ վեց ամսվա ընթացքում տվյալ մեքենաների շահագործումն արգելվում է։

- Պարոն Անանյան, ինձ ասացին, որ օրեր առաջ աջ ղեկով մեքենա են ներկրել Հայաստան, սակայն Գյումրու ավտոմաքսատանը հրաժարվել են «ինվոյսով» մաքսազերծել, ասել են՝ պետք է «հսկիչ գնով» մաքսազերծվի, քանի որ աջ ղեկ է։

- Տեսեք, ուրեմն աջ ղեկով լինի, թե ձախ ղեկով լինի, ցանկացած ապրանք կամ տրանսպորտային միջոցի դեպքում կան ընթացակարգեր, թե որ մեթոդով է մաքսային ձեւակերպում իրականացվելու։ Առաջին մեթոդը, որը որ գնման գնի մեթոդն է, կիրառվում է այն պարագայում, երբ որ կան բոլոր սահմանված փաստաթղթերը։ Եվ ցանկացած ապրանք, այդ թվում՝ տրանսպորտային միջոց, եթե առաջին մեթոդի համար անհրաժեշտ փաստաթղթերը չկան, կիրառվում է «հսկիչ գնի» մեթոդը։

- Դա հայտնի է, պարոն Անանյան, պարզապես մշտական ներկրողներն են դժգոհում, որոնք նկատել են, որ ինչ-որ բան է  փոխվել՝ իրենց ասել են, որ պետք է բրոքերն անի արդեն մաքսազերծումը, եւ պետք է «հսկիչ գնով» արվի։

- Այո, ուղղորդել են, որ բրոքերն անի, որովհետեւ իրենց շահերից է բխում, որովհետեւ, տեսեք, էստեղ արդեն Դուք ուզում եք, որ մաքսային գործի մեջ մենք խորանանք, բացի նրանից, որ կա վերամշակում ազատ շրջանառության համար ընթացակարգ, կա նաեւ վերամշակում՝ վերարտահանման կամ հետագա արտահանման համար։ Նայած թե տվյալ դեպքում անձը որ ռեժիմն է ընտրում։ Եթե ընտրում է երկրորդ ռեժիմը՝ հետագա արտահանման համար, ապա մաքսային բրոքերը պետք է ձեւակերպումը կատարի։

- Իսկ դա ինչպե՞ս կարող է ազդել մեքենայի մաքսազերծման արժեքի վրա։

- Կարող է ազդել, որովհետեւ կարող է ուղեւորային հայտարարագիր չլրացվի, այլ արդեն բեռնային հայտարարագիր լրացվի։

- Ի վերջո, Դուք ինչպե՞ս եք որոշելու աջ ղեկով մեքենաների վերաբերյալ այդ լուծումը տալ։ Ավինյանը, օրինակ, կողմնակից է ամենախիստ տարբերակին, որ արգելվի նույնիսկ փոխված ղեկով մեքենաների ներկրումը։

- Կարծում եմ՝ հարցի ճիշտ հասցեատերը մենք չենք, որովհետեւ մենք մաքսային ընթացակարգերի նկատմամբ ենք հսկողություն իրականացնում։ Պետությունը կամ կառավարությունն իր մոտեցումը օրենքով աջ ղեկով մեքենաների նկատմամբ արտահայտել է։ Այսինքն՝ տրանսպորտային ոլորտը կանոնակարգող եւ այդ ոլորտում քաղաքականություն իրականացնող մարմինը պետք է հանրային լսումներ իրականացնի, մեզ էլ ընդգրկի, որ մենք մեր կարծիքն ասենք։ Բայց կառավարության տեսակետը, կարծում եմ, մենք չէ, որ պետք է նախաձեռնող լինենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել