Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց, որ իրենք տեղեկություններ ունեն, որ քրեակատարողական հիմնարկներում առանձին ծառայությունների համար գումարի կոնկրետ դրույքաչափեր են որոշվել և գանձվել: 

ՔԿԾ պետը ներկայացրեց, որ, օրինակ, սահմանված հասանելիքից ավել յուրաքանչյուր կարճատև տեսակցության համար գանձվել է 100 ԱՄՆ դոլար, երկարատև տեսակցության համար` 300 ԱՄՆ դոլար: Նա ներկայացրեց, որ դրույքաչափեր են սահմանված եղել նույնիսկ մարմնավաճառների ծառայություն մատուցելու համար՝ 300 ԱՄՆ դոլարի սահմաններում, իսկ ունևոր խավի համար՝ մինչև 1000 ԱՄՆ դոլարի սահմաններում:

«Գումարներ են գանձվել նաև տույժ չնշանակելու կամ նշանակված տույժը սահմանված ժամկետից հանելու համար: Մշտապես շոշափվող թեմա է եղել, այսպես կոչված, «զոն նայողների» ինստիտուտի առկայությունը: Նրանք են եղել հիմնական եղանակ ստեղծողները, վարչակազմի հետ հարաբերություններ ստեղծողները և կոռուպցիոն սխեմաների ապահովողները: Այս կատեգորիայի անձանց համար բացահայտ ապահովվել են կենցաղի, սննդի, ազատ տեղաշարժի, հարմարավետության, հանգստի լավագույն արտոնյալ պայմանները»,- ասաց նա: 

ՔԿԾ պետը նշեց, որ նման արտոնություն ունեցող կալանավորների խցերի դռները երբեք չեն փակվել, նրանց հետ կապված որևէ խուզարկություն չի արվել, և նրանց նկատմամբ տույժեր չեն սահմանվել:

«Քրեակատարողական հիմնարկներում չպետք է լինեն ազատությունից զրկված այնպիսի անձինք, որոնք արտոնյալ պայմաններ կունենան: Միաժամանակ չպետք է լինեն քրեակատարողական ծառայողներ, որոնք շահագրգռվածություն կամ կախվածություն ունենան կալանավորներից և դատապարտյալներից»,- նշեց նա:

Նա նաև ներկայացրեց, որ քրեակատարողական հիմնարկները նախատեսված են 5346 անձի կալանավորման համար, ներկայումս դատապարտված և կալանավորված անձանց ընդհանուր թիվը 2230-ի սահմաններում է, որից 1028-ը կալանավոր են, 1222-ը՝ դատապարտյալ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել