Հարգելի Նիկոլ,

Դիմում եմ քեզ ոչ որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, այլ որպես Հայաստանի քաղաքացի, ավանդական հայկական ընտանիքի հայր, ճանաչված գերդաստանի ներկայացուցիչ և, վերջապես, որպես հայ մարդ։

Խնդրում և պահանջում եմ սահմանափակել քո ընտանիքի անդամների քաղաքական ակտիվությունը՝ նրանց անհարկի քաղաքական թիրախավորումից խուսափելու համար։

Մեր հասարակության մեջ ընդունված չէ կնոջ և երեխաների անհիմն միջամտությունը ամուսնու և ծնողի գործունեության մեջ, և եթե ուշադրություն դարձնես, ապա կնկատես, որ Հայաստանի ոչ մի ղեկավարի ընտանիք իրեն թույլ չի տվել ցուցաբերել քաղաքական գերակտիվ վարքագիծ։

Ինձ և ինձ պես հարյուրհազարավոր մարդկանց համար ընտանիքը սրբություն է, անառիկ ամրոց, բարոյականության սահմանագիծ, որը մենք երբեք չենք անցնի ինչ-որ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով։

Արգելիր երեխաներիդ արտահայտվել ներքին քաղաքական հարցերի վերաբերյալ, իսկ կնոջդ՝ արտահայտվել Արցախի հարցի և բանակի վերաբերյալ, քանզի պատերազմն ու բանակը տղամարդու առաքելությունն է։ Գոնե ես այդպես եմ կարծում։

Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանում և նրա սահմաններից դուրս չեն գտնվի մարդիկ և ուժեր, որ չեն խորշի ներխուժել քո ընտանիք և սկսեն քննարկել ներընտանեկան անցուդարձը, փորել անցյալը, հիշել բազմաթիվ դրվագներ ընտանեկան կյանքից։ Սա սխալ է, անբարոյական։

Սակայն երբ մարդն առաջնորդվում է «քաղաքականությունն անբարոյականություն է» սկզբունքով, իսկ «նպատակն արդարացնում է միջոցները» բանաձևը դարձնում է քաղաքական կենսագործունեության մշտական ուղեկից, ապա նա միշտ պետք է ակնկալի, որ կլինեն այնպիսի մարդիկ, որոնք կհատեն թույլատրելիի սահմանը, և քո ընտանիքը, որն արդեն տևական ժամանակ է, ինչ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում, արդեն կհայտնվի նաև համընդհանուր քննադատության թիրախում։

Ուշքի արի, քանի ուշ չէ։ Սա Հայաստանն է, որը, ի հեճուկս քո և քո թիմի ջանքերի, չի փոխվել վերջին մեկ և կես տարվա ընթացքում, իսկ Հայաստանում ընտանիքը եղել և մնալու է բարձրագույն արժեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել