«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարին ավարտվում է, իսկ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդիրը մնում է առկախ։ 

Թեև ամիսներ առաջ վարչապետ Փաշինյանը ցանկանում էր ջերմուկցիներին և շրջակա բնակավայրերի բնակիչներին համոզել, որ Ամուլսարի շահագործումը չի կարող վտանգներ պարունակել առողջարանային քաղաքի էկոհամակարգի համար, վերջինս անգամ այցելեց Վայոց ձորի մարզ, անձամբ հանդիպեց տեղի բնակիչներին, այնուամենայնիվ, չկարողացավ հասնել նրան, որ Ամուլսարի հարցով բնակիչների և բնապահպանների դիմադրությունը թուլանա։ 

Տեսնելով, որ բնակիչներն անդրդվելի են՝ կառավարությունը որոշեց գնալ նոր փորձաքննություն նշանակելու ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի հանրությանը ավելի համոզիչ կերպով ցույց տալ, որ հանքի շահագործումն անվտանգ է։ 

Սրան զուգահեռ՝ վարչապետը հանրությանն էր փորձում ներկայացնել, թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ պետության համար, եթե հանքը չշահագործվի և «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը դատի տա կառավարությանը։ 

Ըստ վարչապետի, այդ հանգամանքը կարող է ազդել ներդրումային և տնտեսական առումով երկրի հեղինակության վրա, ինչը բացասական հետևանքներ կունենա ներդրումներ և վարկային միջոցներ ներգրավելու տեսանկյունից։ 

Շատերի կողմից նորից փորձաքննություն անցկացնելու՝ կառավարության որոշումը որակվեց որպես ժամանակ ձգելու և քաղաքացիների դիմադրությունը մաշելու քաղաքականություն, բայց քաղաքացիների որոշ մասի մոտ էլ այն մտայնությունն էր գերիշխում, որ ցանկացած պահի կառավարությունը կարող է դիմել իրավապահների օգնությանը և նրանց միջոցով արագորեն բացել դեպի հանք տանող ճանապարհը։ 

Եվ պատահական չէ, որ վարչապետը ակտիվիստներին մերթընդմերթ կոչ է անում բացել դեպի հանք տանող ճանապարհը։

Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարությունը դեռևս խուսափում է կոշտ միջոցների դիմելուց՝ տեսնելով, որ տեղի բնակչության մեծ մասը շարունակում է դեմ լինել հանքի շահագործմանը, և այս հարցում նրանց տեսակետների մեջ փոփոխություններ չկան, իսկ իրավապահների գործողությունները կարող են լարվածության մթնոլորտ ստեղծել, որի արդյունքում իշխանությունների վարկանիշը կարող է մեծապես տուժել։ 

Վերջերս էլ Ամուլսարի հարցով Ջերմուկում կայացած հանդիպում-քննարկման մասնակիցները՝ քաղաքացիներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ, բնապահպաններ, միահամուռ դեմ արտահայտվեցին Ամուլսար տանող ճանապարհները բացելուն։ 

Այս ֆոնին հետաքրքրական է, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթիդ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որ իր գլխավոր պարտատերերի հետ ստորագրել է հերթական՝ չորրորդ վերախմբագրված հետաձգման համաձայնագիրը: Համաձայնագրով պարտատերերը համաձայնել են հետաձգել «Լիդիանի» ֆինանսական պարտավորությունների գծով վճարումներ անելու իրենց պահանջը մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը: 

Սա նշանակում է, որ եթե այդ պահից հետո Լիդիանը չկատարի իր պարտատերերի հանդեպ արդեն տևական ժամանակ ծագած ֆինանսական պարտավորությունները, ապա նրանք կարող են օգտվել «Լիդիանին» սնանկ ճանաչելու գործընթաց սկսելու իրենց իրավունքից, կամ էլ մյուս տարբերակն այն է, որ նրանք կնքեն հերթական համաձայնագիրը` «Լիդիանին» իրավունք տալով հետաձգել իր պարտավորությունների սպասարկումը: 

Թե իրադարձությունները որ ուղիով կընթանան, դժվար է կանխատեսել, սակայն ուշագրավ հանգամանք է այն, որ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարում ակտիվորեն ներգրավված է «Սասնա ծռեր» կուսակցությունը, որը մերթընդմերթ հայտարարություններ է տարածում հանքի շահագործման անթույլատրելիության շուրջ։ 

Այս կուսակցության նման դիրքորոշումը և ակտիվությունը հետաքրքրական է այն համատեքստում, որ դեռևս սեպտեմբերի սկզբին «Սասնա ծռերի» ներկայացուցիչները կառավարությունում հանդիպել էին Փաշինյանին, որից հետո «Սասնա ծռեր»-գործող իշխանություն համագործակցության որոշակի ուղիներ ուրվագծվեցին։ 

Եվ հարց է առաջ գալիս, թե արդյոք Փաշինյա՞նն է «Սասնա ծռերին» գործուղել Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի ճամբար, որպեսզի ուժեղացնի դիմադրությունը և հետագայում արդարացնի հանք տանող ճանապարհը բացելու շուրջ կառավարության անգործությունը, թե՞ ծռերն են իրենց այդպիսի գործողություններով փորձում ճնշում գործադրել Փաշինյանի վրա, որպեսզի բանտից ազատեն իրենց թիմակիցներին և իրենց մյուս պահանջներն իրագործել տան»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել